Այս տարի ևս 300 հանրակրթական հաստատություն կմիանա դպրոցների ինտերնետային ցանցին
Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին այս տարի պետական բյուջեի հատկացումների շնորհիվ կմիանա ևս 300 հանրակրթական հաստատություն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա հիշեցրեց, որ ինտերնետային ցանցին այժմ միացած է շուրջ 600 դպրոց հանրապետության տարբեր մարզերից:
Նրա խոսքերով, այն ծավալուն ծրագիր է, որը շուրջօրյա ինտերնետային կապ է ապահովում դպրոցներին: Նախարարի տեղեկացմամբ` Համաշխարհային բանկի վարկային ծրագրով առաջիկա երկու տարում ևս 500 դպրոց կմիանա ցանցին: Նա տեղեկացրեց, որ դպրոցական ինտերնետային ցանցին միացած դպրոցները գրեթե հավասարաչափ են տեղաբաշխված հանրապետության մարզերում:
Ա. Աշոտյանը նաև հայտնեց, որ ԿԳ նախարարությունն այժմ աշխատում է IT ոլորտում միջազգային մեծ կազմակերպությունների, այդ թվում` «Synopsis» և «Microsoft» ընկերությունների հետ` ուսումնական դասընթացներին համահունչ բովանդակային ծրագրեր մշակելու համար: