Հայկական մանկավարժական բուհերում կներդրվեն եվրոպական մանկավարժական բուհերի կրթական ծրագրեր
Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում Հանրապետության բարձրագույն կրթության բնագավառում հայկական մանկավարժական բուհերում կներդրվեն եվրոպական մանկավարժական բուհերի կրթական ծրագրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ այդ նպատակով նախարարությունն արդեն ստացել է հայտեր մի շարք երկրների` Ռուսաստանի Դաշնության, Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի մանկավարժական բուհերից:
Նրա խոսքով, Հայաստանում մանկավարժական բարձրագույն կրթություն իրականացնող հիմնական` Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի համար ներկայացված հայտերից կա ընտրելու հնարավորություն` որպես գործընկեր բուհ դրա հետ հետագայում աշխատելու համար:
«Հայկական մեր այս բուհը հանրապետությունում ապագա մանկավարժներ պատրաստող հիմնական դարբնոցն է, և միշտ չէ, որ բուհի շրջանավարտների գիտելիքների ու հմտությունների մակարդակը համապատսախնում է իրական պահանջներին»,- հավելեց նախարարը:
Նա նշեց, որ բարձրագույն կրթության բնագավառում հաջորդ կարևոր բարեփոխումը վերաբերում է հակակոռուպցիոն միջոցառումների իրականացմանը:
Նախարարի խոսքով, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու խնդիրը միանգամից լուծել հնարավոր չէ, ուստի նախարարությունը ձեռնամուխ է եղել համագործակցելու միջազգային կազմակերպությունների հետ` հակակոռուպցիոն ծրագրեր մշակելու, իրականացնելու համար:
«Այժմ փնտրում ենք միջազգային դոնոր կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչները կգան Հայաստան, կծանոթանան և կուսումնասիրեն կոռուպցիոն ռիսկերի մակարդակը բուհ առ բուհ: Ցանկացած համալսարան ունի իրեն հատուկ կոռուպցիոն «դիմագիծը», ըստ այդմ` ծրագրերը կիրականացվեն առանձին-առանձին` այդ դիմագծերի հետագա աշխատանքները որոշելու համար»,- ասաց նա:
Նա հայտնեց, որ դոնոր կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ծրագերի մշակումը, դրանց չափորոշիչների ընդունումը նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ:
Ա. Աշոտյանը, խոսելով գիտության ասպարեզում բարեփոխումների մասին, նշեց, որ մշակվել է գիտության ոլորտի զարգացման ռազմավարության հսկայական փաթեթ:
Նա հայտնեց, որ ապրիլի վերջին այն կներկայացվի ՀՀ կառավարություն, որի հաստատումից հետո կուղարկվի ՀՀ Ազգային ժողով:
Նրա խոսքով, նախագծում ոլորտի զարգացման բազմաթիվ բարեփոխումներում ներառված է նաև գիտական աստիճաններ շնորհելու կարգը, որի հանձնման գործառույթը Բարձրագույն որակավորման հանձնաժողովից փոխանցվում է ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն կրթության վարչություն: