«ԿԳ նախարարությունը ստանձնել է հանրակրթական դպրոցներում վատ դասագրքերի մուտքը կանխելու պարտականությունը»
Հանրակրթական դպրոցներում նոր դասագրքերի կազմման մրցույթում ներկայացված երեք-չորս առարկայից դասագրքրերի մասնագիտական խմբերի հայտեր չեն ընդունվել: Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ մրցույթում ներկայացվել է 16 առարկայի դասագրքերի կազմման հայտ, որից մրցութային հանձնաժողովի մասնագիտական պահանջներին համապատասխանել է 12-13 դասագրքի մասնագիտական որակը:
Նախարարի խոսքով, նախարարությունը ստանձնել է հանրակրթական դպրոցներում վատ դասագրքերի մուտքը կանխելու պարտականությունը:
«Ավելի լավ է չունենալ վատ դասագիրք և ուսումը կազմակերպել հին դասագրքով: Հայտնի է, թե հասարակությունը որքան բուռն է արձագանքում վատորակ դասագրքերի հրատարակմանն ու դպրոցներում դրանցով առաջնորդվելուն: Վերջիններս առնվազն 4 տարի պատուհաս են լինում թե աշակերտների գիտելիքների ձեռք բերման, թե ուսուցիչների դասավանդման համար»,- ասաց նա:
Ա. Աշոտյանը նշեց, որ մասնագիտական պահանջներին չհամապատասխանած դասագրքերը հիմնականում ավագ դպրոցների հոսքային ծրագրերի համար էին նախատեսված:
Նա հայտնեց, որ վերոնշյալ դասագրքերի չհրատարակման հետևանքով այժմ միջոցառումներ է նախատեսում դպրոցներում 4 տարին լրացած և ծրագրային առումով «իր առաքելությունը ավարտած» դասագքրերը մեկ տարի ավելի թույլատրելու համար. նոր ու որակով դասագրքեր հաջորդ տարի ունենալու ակնկալիքով: