Էրդողանը Վաշինգտոն մեկնելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ ԷրդողաննԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` նախօրեին Վաշինգտոն մեկնելուց առաջ Էրդողանը Աթաթուրքի անվան օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանը տեղեկացրել է, որ Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպմանը քննարկվելիք առաջնահերթ թեման հայ-թուրքական գործընթացն է լինելու:
Հիշեցնելով Երևան ու Բաքու գործուղված իր հատուկ բանագնացի հանձնած նամակները, թուրքական կառավարության ղեկավարը նշել է.
«Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար ԵԱՀԿ Մինսկի եռանախագահությունը ակտիվություն դրսևորի և արդյունավետ գործունեություն ծավալի: Մենք հանդիպել ենք պրն Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի հետ: Նրանք ևս հետամուտ են այս ամենին: Ահա այժմ Ամերիկայում նորից միասին ենք լինելու: Այնտեղ էլ մեր երկկողմ հանդիպումներն էլ այս ամենի քննարկման համար պատեհ առիթ են լինելու»:
Հարց է ուղղվել այն մասին, թե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Վաշինգտոն մեկնելն արդյո՞ք նշանակում է, որ սկսել են կարգավորվել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:
Թուրքիայի վարչապետն ի պատասխան ասել է, որ իրենք դատապարտել են այդ բանաձևը, ցուցաբերել են համարժեք վերաբերմունք, բայց այժմ արդեն նկատվում է որոշակի «փափկություն» թուրք-ամերիկայն հարաբերություններում: