ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հանդիպումները Սիրիայում
Հայաստանի Նախագահի հանձնարարությամբ, Սիրիայում գտնվող Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ապրիլի 8-ին հանդիպել է Սիրիայի բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նիղար Դահերի և Դամասկոսի համալսարանի ռեկտոր Վաիլ Մալլայի հետ: Այս մասին տեղեկացանք ԵՊՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՊՀ և Դամասկոսի համալսարանի միջև համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու հետ կապված հարցեր:
Արամ Սիմոնյանը մանրամասն ներկայացրել է Երևանի պետական համալսարանի գործունեությունն ու գիտական և կրթական ծրագրերը: Կողմերը կարևորել են փոխադարձաբար ԵՊՀ-ում և Դամասկոսի համալսարանում արաբագիտական և հայագիտական ուսումնասիրությունների հետագա խորացումը և ընդլայնումը:
Երկուստեք շեշտվել է երկու համալսարանների ղեկավարների հանդիպումների և խորհրդակցությունների շարունակականության անհրաժեշտությունը: