Հայաստանում է աշխարհահռչակ բիոքիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աարոն Չեյխանովերը
Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանում է գտնվում աշխարհահռչակ բիոքիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աարոն Չեյխանովերը, ով այսօր հյուրընկալվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Ողջունելով պատվարժան հյուրին` նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ մեծ գիտնականը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
«Անկախության տարիներից ի վեր Հայաստանի գիտական անցուդարձի մեջ առաջին անգամ հատուկ առաքելությամբ մեր երկիր է այցելում Նոբելյան մրցանակակիր` ԵՊԲՀ-ի 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու, հայ ուսանողների և գիտնականների հետ շփվելու և իր հարուստ փորձը փոխանցելու նպատակով, ինչպես նաև ապացուցելու, որ աշխարհում գիտելիքը գնահատված է, և մարդկային արժեհամակարգում այն որևէ մեկ արժեքով փոխարինելու ենթակա չէ: Սա պարոն Չեյխանովերի առաջին այցն է Հայաստան, բայց, հուսով եմ, ոչ վերջինը: Կարծում եմ, որ ստացած տպավորությունների արդյունքում, մենք կարող ենք ակնկալել համագործակցություն նաև ապագայում»,-նշել է նախարարը` հավելելով, որ Իսրայելի` գիտության և բարձրագույն կրթության ոլորտում արձանագրած հաջողությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ գիտությունն այդ երկրում դիտարկվում է որպես երկրի ռազմավարական զարգացման հիմնասյուներից մեկը: «Իսրայելում գիտությունը կենտրոնացված է բարձրագույն ուսումնական հաստատություններում, որտեղ դասավանդում է նաև պարոն Չեխանովերը: Այս համատեքստում մեզ համար կարևոր են և իր փորձն ու մոտեցումները` առհասարակ գիտության կառավարման խնդիրների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտության դերի հետ կապված` հաշվի առնելով նաև աշխարհահռչակ գիտնականի մասնագիտական կողմնորոշումները և Հայաստանում կենսատեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժը», -նշել է Ա. Աշոտյանը: Նա ավելացրել է, որ ապրիլի 12-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն էր, որը, ըստ նախարարի, դիտարկվում է «որպես երկու ժողովուրդների, պետությունների միասնական ճակատագրի և համապատասխան պատմական իրողություններից հետո վերապրելու և սեփական պետություն և հզոր հասարակություն կերտելուն միտված մի երևույթ»:
Շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ-ին` Հայաստան այցելելու բացառիկ հնարավորության համար, Ա. Չեխանովերը նշել է, որ շատ է կարդացել Հայաստանի մասին և տեղյակ է Հայաստանի պատմությանը, սակայն երբեք հնարավորություն չի ունեցել ունեցել այցելել: «Մեր երկու ժողովուրդների միջև կան ընդհանրություններ` ընդհանուր ճակատագիր, երկու պետությունների փոքր տարածք, խաղաղություն գնահատող և խաղաղության համար պայքարող հասարակություններ և մեր ապագայի համար պայքարելու խնդիր: Ես չեմ ճանաչում ոչ ազգային, ոչ կրոնական ֆունդամենտալիզմը: Ես չեմ հասկանում` ինչու են մարդիկ իրար սպանում ամբողջ աշխարհում: Մարդիկ պետք է ամեն օր մտածեն` ինչպես օգնել միմյանց: Մենք պետք է զբաղվենք լուրջ կրթությամբ և գիտությամբ, բարձր տեխնոլոգիաներով, քանզի այն երկրի ապագան է: Գիտությունը չի ճանաչում սահմաններ. երբ մենք մեր երեխաներին սկսում ենք կրթել մանկապարտեզից, դաստիարակում ենք մեր ապագա գիտնականներին»,-նշել է նա` հավելելով, որ Նոբելյան մրցանակն իրեն տվել է մի առավելություն` Նոբելի անունը, այն հզորությունը` տարածելու իր գիտելիքների ողջ պաշարն ամբողջ աշխարհում և համերաշխություն քարոզելու: «Խաղաղությունն է, որ կփրկի աշխարհը: Տեխնոլոգիաները կարելի է օգտագործել, նոր զենք ստեղծել, ավելի շատ մարդ սպանել, բայց արդյոք սա է գիտության և տեխնլոգիաների առաքելությունը և նպատակը»,-ընդգծել է մեծագույն գիտնականը:
Հանդիպման ավարտին նախարարը, Նոբելյան մրցանակի դափնեկրին հանձնելով Ղարաբաղի հայկական մշակութային հուշարձաններին վերաբերող անգլալեզու աշխատություն, նշել է. «Կրթությունը և գիտությունը հանդիսանում են ազգային անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից մեկը: 21-րդ դարում մեր մրցունակությունը պահելու համար ՀՀ-ն այլընտրանք չունի, քան իր ժողովրդի մտավոր ներուժի վրա խարսխված տնտեսության և պետության կառուցումը»: Նա նաև նշեց, որ նախարարությանը առավելապես հետաքրքրում է բուհական գիտության զարգացումը, քանի որ մրցունակ երկրներում գիտությունն անբաժանելի է կրթությունից: