Սոցիալական գործընկերությունը ՄԿՈՒ ոլորտում
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Եվրոպական կրթական հիմնադրամի». Հայաստանի համար պատասխանատու Միլենա Կորոդինիին:
Ինչպես տեղեկացրին ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջին երեք տարիներին ԵԿՀ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում իրականացվող գործընթացներին և սոցիալական գործընկերությանը միտված խնդիրներին: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտն այն բացառիկ ոլորտներից է, որտեղ ամուր հիմքերի վրա է դրված միջազգային համագործակցությունը: «Մենք բարձր ենք գնահատում միջազգային գործընկերների, մասնավորապես, Եվրոպական Միության և «Եվրոպական կրթական հիմնադրամի» մասնակցությունը մասնագիտական կրթության ոլորտում ընթացող գործընթացներին: Միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ծրագրերի շնորհիվ երկար տարիներ «անտեսված» միջին մասնագիտական կրթության ոլորտը կարծես երկրորդ կյանք է ստանում»,-նշեց նախարարը` հավելելով, որ կրթական և տնտեսական համակարգերի կապի ամրապնդման խնդիրը դրված է մասնագիտական կրթության բոլոր աստիճաններում, և այս համատեքստում գործնական քայլերի առումով ավելի առաջ է կանգնած միջին մասնագիտական կրթության ոլորտը:
Ա. Աշոտյանը մատնանշել է համագործակցության երկու ուղենիշ, որոնք օգտակար կարող են լինել համակարգի հետագա զարգացման համար. խնդիրը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանում մեծահասակների և շարունակական կրթության ապահովմանը: Երկրորդ ուղղությունը, որ նախանշել է նախարարը, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունն է: Այս համատեքստում նշվել է, որ Երևանն ընտրվել է 2010 թ. հունիսի 16-18-ը Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի (EAEA) գլխավոր համաժողովը հյուրընկալող քաղաք: Ավելին, «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ասոցիացիան նախատեսում է այդ միջոցառումը զուգահեռել երիտասարդների և մեծահասակների կրթության և ողջ կյանքի ընթացքում ուսումնառության հարցերի վերաբերյալ միջազգային գիտաժողովի հետ, որի համակազմակերպիչներն են հանդիսանում նաև կրթության և գիտության նախարարությունը և մի շարք միջազգային կազմակերպություններ:
Բացի այդ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ ամռանը տեղի կունենա կրթության շարունակականության խնդիրներին վերաբերող համաժողով: Նախարարը նաև տեղեկացրել է, որ Բոլոնիայի գործընթացը 2010 թվականի հուլիսի 1-ից ունենալու է համանախագահների ինստիտուտ, և Հայաստանը Լեհաստանի հետ միասին համանախագահելու է 2011 թվականի երկրորդ կիսամյակում: Ավելին, նշված ժամանակահատվածում նախատեսվում է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի աշխատանքային նիստն անցկացնել Հայաստանում, ինչպես նաև հայկական կողմը հայտ է ներկայացրել Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ECA) տարածաշրջանի երկրների համար անցկացվող հերթական համաժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:
Վերջում, հանդիպման ավարտին նշվել է, որ վերը նշված գործողությունները սերտորեն կապված են այն բարեփոխումների հետ, որ Եվրամիության աջակցությամբ տրամադրվում են ՄԿՈՒ ոլորտին, և որի ճշգրտման և հստակեցման փուլին ԵԿՀ-ն ունի անմիջական մասնակցություն: