«Հավատում եմ` Օբաման «ցեղասպանություն» բառը չի արտասանի». Էրդողան
Վաշինգտոնում այս օրերին ընթացող Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, թե փորձում է այնպես անել, որ ամերիկացի օրենսդիրները այլևս չքննարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձևը:
Ինչպես հաղորդում է ամերիկյան «CNN» հեռուստաընկերությունը, Էրդողանն ասել է, թե Թուրքիան չի ընդունում, որ Օսմանյան կայսրության կողմից հայերի սպանությունները ցեղասպանություն է և որ ինքը վստահ է, որ Օբաման չի արտահայտի «Ցեղասպանություն» եզրույթը:
«Դա է իմ ակնկալիքը, որովհետև մինչ օրս ամերիկացի ոչ մի առաջնորդ չի արտահայտել այդ բառը, և ես հավատում եմ, որ նախագահ Օբաման էլ չի արտաբերի այդ բառը», -հավելել է Թուրքիայի վարչապետը:
Նկատենք, որ այսօր գագաթաժողովի շրջանակներում կայանալու է Օբամա-Էրդողան կարճատև հանդիպումը:
Նկատենք, որ Էրդողանը սխալվում է, նշելով, թե ամերիկացի ոչ մի առաջնորդ չի արտաբերել «Ցեղասպանություն» բառը: Մեր կողմից հիշատակենք ԱՄն 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեգանի` 1981 թվականի ապրիլի 21-ի հռչակագրում ասված խոսքերը. «Հոլոքոստի դասերը, որին նախորդել է հայերի ցեղասպանությունը, և որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն»:
ԱՄՆ այս նախագահը 1915-ին հայերի դեմ կատարված ողբերգությունները ճանաչել է որպես ցեղասպանություն: