«Մեր ուսումնական ծրագրերով ուսանում են նույնիսկ Չինաստանում»
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը ներկայացրեց ՀՀ նախագահի` ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին տրվող մրցանակաբաշխությունը, ինչպես նաև` ՀՊՃՀ-ի հետ իրականացվող համատեղ կրթական ծրագիրը, որին կարող են դիմել Ճարտարագիտական համալսարանի ուսանողները և վարժարանի շրջանավարտները:
«Ոլորտը շատ արագ զարգանում է, անընդհատ փոփոխվում, և մենք էլ զարգացնում ենք ուսումնական ծրագիրը, որպեսզի այն համապատասխանի ժամանակի պահանջներին»,- ասաց ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը:
Ընկերությունն իրականացնում է 2 ծրագիր` ինտեգրալ սխեմաների նախագծում և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման մասնագիտացում: Յուրքանչյուր տարի մոտ 100-120 շրջանավարտներ են ունենում այս ծրագրը: Ինչպես նշեց Ռ. Գոլդմանը, իրենց կողմից մշակված ուսումնական ծրագրերը համապատասխանում են միջազգային չափանիշներին: Դրանք գրավիչ են ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ աշխարհում:
«Մենք իրականացնում ենք մագիստրոսական կրթական ծրագիր Մոսկվայի էլեկտրոնային տեխնիակայի ինստիտուտում, որը Զելենոգրադում է: Այս համալսարանը խնդրել է մեզ նոր կրթական ծրագիր մշակել բակալավրիատի համար»,- հավելեց Ռ. Գոլդմանը:
Ընկերության կողմից մշակված ուսումնական ծրագիրը նաև չինարեն է թարգմանվել, ծրագրերի մի մասով հիմա դասավանդում են նաև Հյուսիսային և Արևելյան Եվորպայում, սրանք որդեգրվել են Միջին Արևելքի կողմից, ինչպես նաև` Սաուդյան Արաբիայի: «Հիմա սկսել ենք համագործակցել Հնդկաստանի հետ, ակնկալում ենք, որ աշնանն արդեն 100-ավոր հնդկական համալսարաններ կընդգրկվեն այս ծրագրում: Մենք նախատեսում ենք ունենալ Հնդկաստանից դասախոսներ` Հայաստանում վերապատրաստվելու համար: Իսկ Հայաստանից էլ, համապատասխանաբար, դասախոսներ են մեկնելու Հնդկաստան` դասավանդելու նպատակով»,- նշեց Ռ. Գոլդմանը: