Մ. Չավուշօղլու. «ԵԽ-ում ես բազմիցս եմ ականատես եղել երկակի չափանիշների կիրառմանը»
Այսօր ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Ադրբեջանի Միլի մեջլիսում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: «Ժողովրդավարությունը դժվար ու երկար գործընթաց է: Ոչ միայն իշխանությունները, այլև ընդդիմությունը ևս պետք է աշխատանք տանեն, որպեսզի բարելավեն երկրում ստեղծված իրավիճակը»,- այս մասին, Թուրան լրատվական գործակալության փոխանցմամբ նշել է Մ. Չավուշօղլուն:
Ընդդիմադիր խորհրդարանական Ֆազիլ Մուստաֆաևը Չավուշօղլուի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի` Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարման վրա: Նա միաժամանակ հարց է բարձրացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մեջ ընդդիմությանը ներգրավելու անհրաժեշտության վրա:
Մուստաֆաևը մեղադրել է Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակին, քանի որ, ըստ պատգամավորի, այն իր պարտականությունները վատ է կատարում:
«Գրասենյակը խառնում է անձնական հարաբերությունները քաղաքականության հետ և տարբեր կուսակցությունների հետ հարաբերվելիս` խտրականություն դրսևորում վերջիններիս նկատմամբ»,- նշել է նա` ընդգծելով, որ ԵԽ Բաքվի գրասենյակին համապատասխան դիմում է ուղարկվել, սակայն ոչինչ այդպես էլ չի փոփոխվել:
Թուրան լրատվական գործակալությունը հայտնում է, որ Մուստաֆաևի մեղադրանքներն ամենայն հավանականությամբ վերաբերվել են տարեսկզբին տեղի ունեցած պատահարին, երբ ԵԽ պատվիրակությունը Բաքվում հետաձգել էր ընդդիմության հետ հանդիպումը` հանդիպելով իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ:
Մուստաֆաևի ելույթից հետո հանդես է եկել նաև մեկ այլ ընդդիմադիր խորհրդարանական` Պանախ Հուսեյնը, սակայն հանդիպման կամակերպիչները միանգամից դուրս են հրավիրել ԶԼՄ-ի ներկայացուցիչներին, ամենայն հավանականությամբ վախենալով, որ նա կշարունակի իշխանությունների քննադատությունը:
Իր հերթին, 1նյուզ.ազ լրատվական կայքը տեղեկացրել է, որ Բաքվում Չավուշօղլուն նշել է.
«Ես 7-8 տարի եղել եմ ԵԽ-ում Թուրքիայի ներկայացուցիչը և իմ գործունեության տարիներին ականատես եմ եղել կառույցում առկա երկկակի չափանիշներին: Ընտրվելով կառույցի ղեկավարի պաշտոնում, ասել եմ, որ հանդես եմ գալու երկակի չափանիշներ կիրառելու դեմ, քանի որ մենք ունենք ընդհանուր արժեքներ` պաշտպանել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Հենց այդ պատճառով էլ մենք պետք է շրջանցենք երկակի չափանիշները, և այդ հարցի հետ կապված ես ամեն ինչ անելու եմ»: