ԵԽԽՎ նորընտիր թուրք նախագահ Մովլութ Չավուշօղլուն Հայաստան է ժամանելու
Ապրիլ ամսին ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ենթահանձնաժողովը կվերսկսի իր աշխատանքները: Նման հայտարարությամբ այսօր Բաքվում հանդես է եկել Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նորընտիր թուրք նախագահ Մովլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքերով, Վեհաժողովի հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո պարզ կլինի ենթահանձնաժողովի գործունեության հեռանկարները, որի աշխատանքները դադարեցվել էին անցած տարի ենթահանձնաժողովի ղեկավար Ռասել Ջոունսթոնի մահից հետո:
«Մեր նպատակն է լուծել սառեցված հակամարտությունները, ինչպես նաև խթանել ԵԽԽՎ անդամ երկրների միջև առկա խնդիրների լուծմանը: Դրա համար Ադրբեջանիւց հետո ես մտադիր եմ մեկնել Հայաստան», - հայտարարել է Չավուշօղլուն ադրբեջանցի լրագրողներին:
ԵԽԽՎ նախագահը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իր ղեկավարած կառույցը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության ջանքերը:
Այս մասին հայտնում է «Թրենդ»-ը: