Մեկնարկել է «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը
Հանրակրթական դպրոցում կրթության որակի խթանման, դպրոցականների շրջանում գիտելիքի կարևորության խրախուսման և լավագույն աշակերտների բացահայտման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է առարկայական օլիմպիադաներ, որոնց հանրապետական փուլն անցկացվում է յուրաքանչյուր տարվա մարտ-մայիս ամիսներին։ Այս մասին տեղեկացանք ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Օլիմպիադաների հանրապետական փուլը կազմակերպվում է 15 առարկայից /մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, հայոց լեզու, հայ գրականություն պատմություն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու, աշխարհագրություն, աստղագիտություն, հայոց եկեղեցու պատմություն/:
Այսօր Երևանի թիվ 118 դպրոցում, որին մասնակցում էր 99 աշակերտ, որոնցից 27-ը 8-9-րդ դասարանցիներ էին, 24-ը` 10-րդ, ևս 48-ը` 11-րդ դասարանցիներ: Մասնակիցներից 25-ը ներկայացնում էին Երևանի դպրոցները, մնացածը մարզերի աշակերտներ էին: Օլիմպիադայի մեկնարկին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտութան նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը: Վերջինս, ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին, նշել է, որ ժամանակին լինելով օլիմպիական շարժման ակտիվ մասնակից, այսօրվա օլիմպիականներին իրավամբ համարում է կենսաբաններ, որովհետև, ըստ փոխնախարարի, «չնայած ընդունված է ասել ապագա կենսաբան, քիմիկոս կամ մաթեմատիկոս, բայց իրականում կենսաբանը լինում է մտածելակերպով և ցանկացած տարիքում»:
«Այլ բան է, որ դուք ձեր կյանքի ընթացքում կարող եք հայտնագործություններ կատարել, կոչումներ ստանալ, բայց մտածելակերպով և նվիրվածությամբ դուք, հիրավի, վաստակել եք ձեզ կենսաբաններ անվանելու իրավունքը: Օլիմպիադան, իհարկե, գեղեցիկ երևույթ է, բայց նրա կարևորագույն առանձնահատկությունը նաև այն է, որ աշակերտներն իրենց մտածողության սահմանագծի վրա են աշխատում»,-նշել է նախարարի տեղակալը` աշակերտներին մաղթելով օլիմպիադայի ընթացքում ձեռք բերել նոր ընկերներ և բարեկամներ և «նորանոր հայտագործություններ կատարել ոչ թե մեկը մյուսի հետ մրցակցելով, այլև համագործակցելով»:
Այս տարի առաջին անգամ «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադան ընթացել է երկու փուլով` գործնական և տեսական: Գործնական փուլի անցկացումը հնարավոր է եղել` ՀՀ կառավարության կայացրած համապատասխան որոշման արդյունքում: Հայաստանի Հանրապետությունը «Կենսաբանության Միջազգային Օլիմպիադա» կազմակերպությանն անդամակցում է 2009 թվականից: Անդամակցությունը հնարավորություն է տվել այդ տարի մեր աշակերտներին առաջին անգամ մասնակցել Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում կազմակերպված կեսաբանության միջազգային 20-րդ օլիմպիադային, որին ներկայացված էր 56 երկրի 221 աշակերտ: Տիրապետելով բավականին խորը տեսական գիտելիքների` մեր մասնակիցները խնդիրներ են ունեցել օլիմպիադայի գործնական փուլի առաջադրանքները կատարելիս, որի պատճառն ուսումնական հաստատություններում համապատասխան լաբորատորիաների բացակայությունն էր: Խնդիրը լուծելու նպատակով` ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1522-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»:
Փոփոխությունը հնարավորություն կտա ավագ դպրոցներից մեկում ձևավորել կենսաբանության առարկայի գործնական պարապմունքների կազմակերպման համար ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիա` հագեցած սարքավորումներով և փորձերի համար անհրաժեշտ նյութերով: Վերջինս կնպաստի ինչպես օժտված աշակերտների բացահայտմանը, այնպես էլ հանրապետական և միջազգային օլիմպիադաների մասնակից հայ աշակերտների գործնական գիտելիքների ձեռքբերմանը:
«Կենսաբանության» առարկայի հանրապետական հանձնաժողովի նախագահը, ի դեմս աշակերտների և ուսուցիչների, իր շնորհակալությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և, մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարին, իրենց նման հնարավորություն ընձեռելու համար: