Գրականագետ. «Յուրաքանչյուր ազգի ազգային հիմքը ազգային դպրոցն է»
Այսօրվա ասուլիսում գրականագետ Դավիթ Գասպարյանը, խոսելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծի մասին, ասաց, որ հարցը բավական լուրջ է. այն ունի պետական կարևոր նշանակություն, միևնույն ժամանակ կապվում է յուրքանչյուրիս հետ:
Նշենք, որ ԿԳՆ-ն ՀՀ կառավարություն է ներկայացրել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում է ՀՀ-ում թույլատրել ստեղծել օտարալեզու դպրոցներ: Նշենք, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 1993 թվականին. դրանով դպրոցներում ուսուցման լեզուն միայն գրական հայերեն է, և չի թույլատրվում օտարալեզու դպրոցների գործունեությունը Հայաստանում:
Դ. Գասպարյանի խոսքերով, յուրաքանչյուր ազգի հիմքը ազգային դպրոցն է: «Երբեմն մեր օտարասիրությունը կամ օտարամոլությունը մեզ պատեպատ է խփում: Ես կարծում եմ, որ մենք սերունդ ենք դաստիարակում ոչ թե օտար երկրների համար, այլ որպեսզի մեր հանրապետության լիարժեք քաղաքացիներ լինեն: Մենք պետք է ամուր պահնենք ազգային հիմքը և այդ հիմքի վրա կրթենք լիարժեք սերունդ, որը պատրաստ լինի կյանքի մարտահրավերներին»,- ասաց նա:
Նա նշեց, որ դպրոցում լեզվի և գրականության դասաժամերը կրճատվել են: «Փոշիացում է տեղի ունենում, փոխանակ այսօր ուշադրություն դարձնենք դպրոցներում ուսուցման որակի վրա»,- ասաց գրականագետը:
Ասուլիսի մյուս հյուրը` բանաստեղծ, դասախոս Վահե Արսենը նշեց, որ իրեն ուրախացնում է այն, որ նորից ցանկանում են ստեղծել օտար լեզուներով դասավանդող դպրոցներ: «Սակայն այս դպրոցները բերելով` մենք պետք է հանկարծ չսխալվենք, պետք է այս ամենի հետ միասին պահպանենք նաև մեր մայրենի լեզուն: Եթե մեկը ցանկանում է որևէ օտար լեզու սովորելու, նա պետք է լավ հայերեն իմանա, միայն մեկ լեզվով հնարավոր չէ լեզվի աճն ու զարգացումը տեսնել»,- ասաց բանաստեղծը: Ըստ նրա, ուրախալի է, որ այսօր փորձ է արվում լեզուներին ուշադրություն դարձնել: «Ես առաջրկում եմ, որ օտարալեզու դպրոցները լինեն միայն մասնավոր` ոչ պետական դպրոցները»,- ասաց նա:
Ըստ նրա, օտարալեզու դպրոցները ստեղծելիս հնարավոր է մեկ խնդիր` խոսքը դասավանդողների պակասի մասին է: «Որտեղից պետք է գտնել ֆիզիկա, քիմիա և մյուս բոլոր առարկաներն անգլերեն, կամ այլ լեզվով դասավանդող ուսուցիչներ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան