Էրդողան. Լավ, իսկ ի՞նչ է ուզում Ադրբեջանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, Վաշինգտոնից Թուրքիա վերադառնալիս, Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Հայ-թուրքական կարգավորման գործընթացի առնչությամբ Թուրքիայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Անկարան բավական ակտիվ դիվանագիտական շփումների մեջ է. Էրդողանը հատուկ բանագնաց է ուղարկել Երևան, ապա` Բաքու, Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ նախագահի հետ, Վաշինգտոնում մեկտեղվել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները և այլն:
«Մենք հավատարիմ ենք լինելու այն բանին, ինչ ստորագրվել է Ցյուրիխում: Դա շատ անկեղծ ասում եմ... Ցյուրիխում ստորագրված տեքստի վերաբերյալ մասնավորապես այսպիսի մոտեցում կա. Լեռնային Ղարաբաղի հարցն ու Հայաստան-Թուրքիա սահմանի թեման չպետք է շաղկապել: Մենք էլ այստեղ հիշեցնում ենք, որ 1993-ին սահմանները փակվեցին, քանի որ, ինչպես գիտեք, ադրբեջանական հողերը «օկուպացված էին»: Այժմ ցանկանում ենք դա շտկել»,- նշել է Էրդողանը` հավելելով.
« Լավ, իսկ ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Ադրբեջանն էլ այս պահին ասում է. «Առաջին փուլում Աղդամ և Ֆիզուլի շրջանների բացմամբ մենք էլ կարող ենք հայ-ադրբեջանական սահմանը բացել»:
Էրդողանը ընդգծել է, որ ինքը ղարաբաղյան թեմայով խոսել է Օբամայի, Մեդվեդևի ու Սարկոզիի հետ և ցանկություն հայտնել, որ Մինսկի եռյակը էլ ավելի ակտիվացնի իր ջանքերը հիմնախնդրի լուծմանը հասնելու համար:
Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ ապրիլի 24-ից առաջ հազիվ թե այլ զարգացումներ լինեն:
«Այն, թե ինչ ուղերձով ապրիլի 24-ին հանդես կգա պարոն Օբաման, դա կլինի իր գնահատականը: Այդ հարցի նկատմամբ ունեցած մեր զգայունությունը ըստ էության իրենք արդեն գիտեն»,- ասել է Էրդողանը: