Ճարտարագիտական համալսարանի դասախոսներն Արցախում են. Նրանց ընդունել է երկրի ղեկավարը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մի խումբ դասախոսների` ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ` հանդիպմանը քննարկվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է Հայաստանի այս առաջատար բուհի դերակատարությունը Արցախում կրթության և գիտության զարգացման գործում` ընդգծելով երկկողմ կապերի խորացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Բակո Սահակյանը դրական է գնահատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Արցախի մայր բուհի միջև այսօր կնքված համագործակցության պայմանագիրը՝ այն համարելով կայուն հիմք հետագա փոխգործակցության համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան