Ադրբեջանում` հակաամերիկյան հիստերիա
Նախօրեին նախագահի աշխատակազմի հասակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հանդես էր եկել կտրուկ հայտարարությամբ` մեղադրելով ԱՄՆ-ին ղարաբաղյան հարցում ոչ օբյեկտիվ լինելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Թուրան լրատվական գործակալությունը:
Այսօր ևս նա հանդես է եկել հայտարությամբ, որտեղ ավելի կտրուկ արտահայտություններ է արել ԱՄՆ-ի հասցեին: Նրա այդ քայլերից նկատելի է դառնում, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները գնալով վատթարանում են:
«Եթե ԱՄՆ-ը հետագայում ևս ոչ օբյեկտիվ լինի Ղարաբաղյան հարցում, Ադրբեջանը կարող է վերանայել ԱՄՆ-ի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները»,- հայտարարել է Ա. Հասանովը:
«Ադրբեջանը համապատասխան քայլեր է կատարում այդ ուղղությամբ, և դրանք արդեն տեսանելի են: Դա արտահայտվում է ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու ուղղությամբ այլընտրանքային ուղիներ փնտրելու մեր քայլերով»,- նշել է նա: Հասանովը հասկացնել է տվել, որ Ադրբեջանը դեմ է Մինսկի խմբում ԱՄՆ-ի ներկայությանը: Ընդ որում` Հասանովը նաև ասել է, որ Ադրբեջանը կանգնեցրել է ԱՄՆ-ի էներգետիկ հետաքրքրություններն ապահովելուն ուղղված միջոցառումները:
«Թուրանը» նշում է, որ Հասանովը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը: Ընդհանուր առմամբ, նրա ելույթը սովորական մարդու շանտաժ է հիշեցնում: