«Թշնամական երկրի մարզիկները» Բաքու կմեկնեն միայն հաղթելու նպատակով
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 20-ին Բաքվում կմեկնարկի աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը: Մեր թիմն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանում և այնտեղից էլ միանգամից կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Շամիլ Ալիմջանովը հայտարարել է, որ իրենք չեն վախենում Հայաստանի ընտրանուց, որը Բաքու է ժամանելու իր լավագույն կազմով:
«Հայերը մեր երկիր կգան ուժեղագույն բռնցքամարտիկներով: Օրինակ` այդ թիմի կազմում 51 կգ քաշային կարգում հայտնված Նարեկ Աբգարյանը Եվրոպայի չեմպիոն է: Մյուսները նույնպես տարբեր մրցաշարերի մրցանակակիրներ են: Բայց, չնայած դրան, մենք ի վիճակի ենք պարտության մատնել թշնամական երկրի մարզիկներին: Ճիշտ է` կարող է նաև այնպես պատահել, որ ընդհանրապես նրանց հետ չհանդիպենք կամ մրցակցենք առաջին փուլում: Դա կախված կլինի վիճակահանության արդյունքներից»,- ասել է Շամիլ Ալիմջանովը:
Չնայած Ադրբեջանը պետական մակարդակով մեր բռնցքամարտիկներին անվտանգության երաշիքներ է տվել, վստահ ենք, որ Ալմիջանովի` «թշնամական երկրի մարզիկներ» արտահայտությունը չի համապատասխանում ստորագրված պայմանագրերի ոգուն: Երբ ադրբեջանցիներն էին Երևանում մասնակցում ձյուդոյի մայրցամաքային առաջնությանը, ցնցված էին, որ իրենց հետ ոչ ոք, նույնիսկ` լրագրողները, քաղաքական խնդիրների մասին չեն խոսում: Որովհետև Հայաստանում գիտեն հարգել ոչ միայն հյուրընկալության կանոնները, այլ նաև ստանձնած պարտավորությունները: Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզչի հայտարարությունը երկրպագուների շրջանում կարող է միայն ագրեսիվ տրամադրություններ արթնացնել:
Կարծում ենք` Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ինչպես նաև ազգային օլիմպիական կոմիտեն, չպետք է անուշադրության մատնեն նման արտահայտությունները, որոնք, չենք բացառում, կարող են նաև ադրբեջանցի լրագրողների «հիվանդագին» մտածողության արդյունքը լինել:
Մնում է ավելացնել միայն, որ Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունը վարկանշային մրցաշար է: Ակնկալում ենք, որ հայ բռնցքամարտիկները հաջող ելույթներ կունենան` 2010 թ. օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին Օլիմպիադային հնարավորինս մեծ պատվիրակությամբ մասնակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին