Դավութօղլուն Բաքվում Ալիևի հետ քննարկելու է վաշինգտոնյան հանդիպումների արդյունքները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Թուրքիայի արգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննարկելու է վաշինգտոյան հանդիպումները և խորհրդակցելու է այնուհետև կատարվելիք քայլերի հարցում: «Սի Էն Էն թուրք» (CNNTurk) լրատվականի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Դավութօղլուն` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ ունեցած հանդիպումից հետո Վաշինգտոնի թուրքական դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք կարևորում ենք հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը: Ցանկանում ենք, որ բոլոր այս գործընթացների արդյունքում Կովկասում հաստատվի խաղաղություն և կայունություն: Մեր վարչապետի և Մեդվեդևի հանդիպման ընթացքում ևս անդրադարձ է կատարվել տարածաշրջանի այդ հեռանկարին»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նշենք, որ Վերջինս Բրազիլիայից վերադառնալուց հետո ծրագրել է ապրիլի 20-ին մեկնել Ադրբեջան:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու ենք մեր վաշինգտոյան հանդիպումները և խորհրդակցելու այնուհետև մեր կատարելիք քայլերի հարցում»:
Դավութօղլուն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը հրավիրված չի եղել վաշինգտոնյան գագաթաժողովին` ընդգծելով, որ իրենք երկու շաբաթ շարունակ փորձել են տարբեր մակարդակներով Վաշինգտոնին հայտնել իրենց մտահոգութունն այդ առնչությամբ, բայց փաստորեն ապարդյուն: Թուրքիայի արտգործնախարարի համոզմամբ, եթե Ալիևն էլ ներկա գտնվեր, ապա ղարաբաղյան գործընթացին էլ ավելի մեծ արագություն կհաղորդվեր:
Հիշեցնենք, որ Քլինթոնի հետ քննարկվել են նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացը և կովկասյան տարածաշրջանում առկա զարգացումները:
«Մենք վճռական ենք հայ-թուրքական գործընթացի կարգավորման հարցում: Մեր այդ հաստատակամության մասին հայտնել ենք և Օբամային, և Սարգսյանին և իմ հետ առանձին հանդիպում ունեցած Նալբանդյանին, և Քլինթոնին: Սա Թուրքիայի անկեղծ համոզմունքն է»,- ասել է Դավուօղլուն` ընդգծելով, որ արձանագրությունների նախատեսած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ԱՆկարայի համար մեծ նշանակություն ունի: