Երեք անհատականություններ` մեկ հարկի տակ… «Երկար սպասված» ցուցահանդես
Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյան, գեղանկարիչ Էդուարդ Խարազյան… Հայ ժամանակակից կերպարվեստի այս երեք ներկայացուցիչների ստեղծագործությունները մեկ ամիս շարունակ կարող եք դիտել Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում: Ցուցահանդեսը նվիրված է Հենրիկ Իգիթյանի մահվան առաջին տարելիցին: Հիշեցնենք, որ արվեստաբան Հենրիկ Իգիթյանը մահացել է 2009-ի մայիսի 11-ին:
«Երկար սպասված ցուցադրություն է: Չափազանց հետաքրքիր է դիտել երեք անհատականությունների ստեղծագարծությունները մեկ հարկի տակ, այն էլ մի վայրում` Ժամանակակից արվեստի թանգարանում, որը ստեղծել է Հենրիկ Իգիթյանը: Նրան նվիրված ցուցադրությունը պետք է շատ բարձր մակարդակի լիներ: Մեր կերպարվեստի հպարտություններն են այս նկարիչները, ու կարող են հենց այդ բարձր մակարդակն ապահովել»,- լրագրողներին ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Այն, որ ցուցահանդեսը, իրոք, «երկար սպասված» էր, վկայում էր բացմանը ներկա մարդկանց բազմությունն ու բազմազանությունը` արվեստագետներ, արվեստաբաններ, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ Հենրիկ Իգիթյանը ծնվել է 1932 թ. մարտի 5-ին Թբիլիսիում: 1956 թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1963 թ.` Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական ֆակուլտետը: Իգիթյանը 1960-1971 թթ. աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում: 1980 թվականին ստացել է արվեստի վաստակավոր գործչի կոչում: Նա մի շարք աշխատությունների հեղինակ է` «Մինաս Ավետիսյան», «Ժամանակակից հայ արվեստ», «Արամ Իսաբեկյան», ««Հովնաթանյաններից մինչև Մինաս» և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները