Արվեստագետ «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի դպրոցներում շատ ավելի բարձր մակարդակի վրա դրվի օտար լեզուների ուսուցումը»
Այսօրվա ասուլիսում արվեստագետ Արևշատ Ավագյանը, խոսելով օտարալեզու դպրոցներ ստեղծելու ցանկության մասին, նշեց, որ ինքը դեմ է, որ ստեղծվեն հատուկ օտարալեզու դպրոցներ: «Մենք օտարների համար չենք պատրաստում մեր երեխաներին, մենք դաստիարակում ենք հայեցի մտածողությամբ երեխաներ, որոնք պետք է մեր երկրի ապագայի համար կարևոր գործ անեն, այլ ոչ թե մտածեն, որ այս երկիրը հնարավորինս շուտ թողնեն գնան»,-ասաց նա:
Նշենք, որ ԿԳՆ-ն ՀՀ կառավարություն է ներկայացրել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում է ՀՀ-ում թույլատրել ստեղծել օտարալեզու դպրոցներ: Նշենք, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 1993 թվականին. դրանով դպրոցներում ուսուցման լեզուն միայն գրական հայերեն է, և չի թույլատրվում օտարալեզու դպրոցների գործունեությունը Հայաստանում:
Ըստ արվեստագետի, այսպիսի որոշումները կքայքայեն մեր ազգը և մեր պետությունը, և եթե օտարամոլությունը այսպես շարունակվի, ապա վաղը մենք ոչ մի կարգին մարդ չենք ունենք Հայաստանում, որ մտածի ազգի ինքնության և առաջընթացի մասին:
Նա նշեց, որ եթե նույնիսկ շատ քիչ լինեն օտարալեզու դպրոցները, ապա դա ևս խնդիր է մեզ նման փոքր բնակչություն ունեցող պետության համար: «Թեքումներով դպրոցները դեռ հանդուրժելի են, սակայն ստեղծել ամբողջությամբ օտար լեզվով դպրոց, ես դեմ եմ: Ուղղակի այսօր պետք է ամեն ինչ անել, որպեսզի դպրոցներում շատ ավելի բարձր մակարդակի վրա դրվի օտար լեզուների ուսուցումը»,-ասաց Արևշատ Ավագյանը: