Էրդողանը չի հրաժարվում ղարաբաղյան հարցն ու հայ-թուրքական կարգավորումը միմյանց շաղկապելուց
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելով մի հեռուստահաղորդման անդրադարձել է երկրի ներքին ու արտաքին քաղաքականության առանցքային հարցերին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի էլեկտրոնային կայքը:
Աղբյուրի համաձայն` Էրդողանը հայ-թուրքական կարգավորման թեմայի առնչությամբ ասել է. «Պարոն Օբաման և նրա վարչակազմն այժմ շատ լավ գիտեն մեր մոտեցումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում: Վկայակոչելով տարածաշրջանային խաղաղությունը` մենք ասել ենք, Հայաստանիև Ադրբեջանի միջև եղած խնդիրը մյուսների հետ միասին պետք է լուծենք»:
«Hurriyet»-ի տեղեկացմամբ էլ` Թուրքիայի վարչապետը հայտարարել է. «Մենք սահմանը Հայաստանի հետ փակեցինք, որովհետև ադրբեջանական հողերը օկուպացվեցին: Պետք է վերացվի դա, որպեսզի Թուրքիան հանգիստ կարողանա բացել սահմանը: Բայց քանի դեռ օկուպացիային վերջ չի դրվել, մենք այդպիսի քայլ չենք կարող կատարել»: