CNNTurk. Ադրբեջանին հանգստացնող հայտարարություն
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարություններով: Ըստ «CNNTurk»-ի` Դավութօղլուի հայտարարությունը հանգստացրել է Բաքվին: Այսպես` հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է.
«Խորապես երջանիկ ենք, որ ամեն առումով և ամեն ասպեկտում Ադրբեջանի հետ մենք մերձ հարաբերությունների մեջ ենք: Մեկ անգամ ևս բոլոր հարցերում Ադրբեջանի հետ նույն հեռանկարին հարող գնահատականներ տրվեցին, որից և մեծապես գոհացած ենք»:
Դավութօղլուի խոսքով` հանդիպումների գլխավոր նպատակը Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն է:
Մամեդյարովն էլ, իր հերթին բավականին դրական գնահատելով Դավութօղլուի հետ իր հանդիպումը, նշել է, որ իրազեկվել է Վաշինգտոնում կայացած հանդիպումների մասին:
«Թուրքիայից մենք լսեցինք բավական համոզիչ պարզաբանումներ»:
Դավութօղլուն նշել է, որ Անկարան ուշի ուշով հետևում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: Թուրքիայի արտգործնախարարին հարցրել են, ամեն կերպ Բաքվին աջակցող Թուրքիան արդյոք պատերազմական իրավիճակում կաջակցի Ադրբեջանին: Հույս հայտնելով, որ բանակցությունները դրական ելք կունենան` Դավութօղլուն պատասխանել է.
«Մենք չենք ուզում, որ մեր տարածաշրջանում լրացուցիչ լարվածություն ստեղծվի: Մենք բոլորս միասին կստեղծենք նոր և անվտանգ Կովկասը, որտեղ ամենքը փոխադարձաբար կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը»:
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ համաձայնեցված մադրիդյան սկզբունքները հիմնախնդրի կարգավորման պատեհ հնարավորություն են տալիս և անհրաժեշտ է, որ բոլորն օգտվեն այդ շանսից:
«Արդեն ժամանակ ձգելու, ժամանակի հետ խաղալու փոխարեն բոլորը այդ սկզբունքների շրջանակներում մնայուն մի լուծման հասնելու համար ջանք գործադրել է հարկավոր»,- ասել է Ահմեթ Դավութօղլուն: