Ադրբեջանցի հոգեբան. «Այցելուներիս 60 տոկոսը մտածում է Ադրբեջանից հեռանալու մասին»
Վերջին տարիներին Ադրբեջանում ողբերգական դեպքերի թիվն արագորեն աճում է: Բռնությունները, սպանությունները, ինքնասպանությունները, ամուսնալուծությունները, պատահարները սովորական են դարձել առօրյա կյանքում: Չնայած ողբերգությունների աճին, պետական կառույցներն այդ ուղղությամբ որևէ հետազոտություն չեն անցկացնում. գրում է «Բիզիմ յոլը»:
Ադրբեջանում ճանաչված հոգեբան Դեյանեթ Ռզաևը թերթի հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանում մեծացել են բռնաբարությունների, մանկապղծության դեպքերը, և որ երկրում ստեղծված իրավիճակը լրագրողներից բացի, ոչ մեկին չի հետաքրքրում: Նրա կարծիքով, Ադրբեջանում տարածված ինքնասպանությունների և սպանությունների, բռնությունների և ամուսնալուծությունների հիմքում մարդկանց հոգեվիճակում առկա ճգնաժամն է: «Դա հաճախ կապում են նյութական խնդիրների հետ, սակայն իրականում դա այդպես չէ: Ադրբեջանում փողի պաշտամունքը դատարկել է մարդկանց հոգին: Մարդկանց գնահատում են ունեցած փողի քանակով, գործազուրկներին և փող չունեցողներին մարդու տեղ չեն դնում: Ադրբեջանում ինքնասպանությունները կապված չեն նյութականի հետ: Օրինակ, ինքնասպանության է դիմում աղջիկը, որին հարկադրաբար ամուսնացնում են չսիրած տղամարդու հետ: Ինքնասպանություններն ու ընտանեկան կոնֆլիկտների համատեքստում տեղի ունեցող սպանությունների թիվը աղետալի չափերի է հասել: Ադրբեջանում աճել է նաև ազգականների միջև ամուսնությունների թիվը, ինչը կարող է կործանման եզրին կանգնեցնել ազգին: Աճել է նաև ամուսնալուծությունների թիվը: Անցյալ տարի գրանցված 90 հազար ամուսնություններից 9 հազարը չեղյալ է հայտարարվել: Դրա հիմնական պատճառը սիրո վրա հիմնված չլինելն ու ապագայի նկատմամբ հավատը կորցնելն է: Ադրբեջանում այնքան է տարածվել կոռուպցիան, որ իր իսկ գործն անելու համար հասարակ չինովնիկը փող է պահանջում: Իմ այցելուների 60 տոկոսը մտածում է Ադրբեջանից հեռանալու մասին: Իրականությունը սա է»,- ասել է ադրբեջանցի հոգեբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները