ՀՀ Սփյուռքի նախարար. «Հայաստանն ու Սփյուռքը միահամուռ փորձում են աշխարհին ներկայացնել «Ոչ ցեղասպանությանը» կարգախոսը»
«Հայի կամքը, հայի ուժը այնքան զորեղ էր, որ դիմացավ տարբեր արհավիրքների: Եվ այսօր մեր կամքի ու ուժի շնորհիվ մենք ունենք անկախ և ազատ Հայաստան»,- այսօր Երևանի թիվ 62 ավագ դպրոցում Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակին նվիրված հատուկ դասի ժամանակ ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքերով, այսօր մեր ցավն այն է, որ 95 տարի է անցել, սակայն աշխարհի առաջադեմ մարդկությունն ամբողջությամբ չի դատապարտում Թուրքերի հրեշագործությունը: Նա նշեց, որ այսօր արդեն 24 երկիր ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
«Ես հակադրվում եմ Հայոց ցեղասպանություն արտահայտության հետ, դրա փոխարեն պետք է ասել Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի բնաջնջման քաղաքականություն, կամ կարելի է ասել Հայերի ցեղասպանություն` Օսմանյան Թուրքիայի կողմից»,- ասաց նա:
Նա նշեց, որ այսօր հայ-թուրքական հարաբերությունների կնճիռը այսքան ծանր է, քանի որ մենք ունեցել ենք Հայոց ցեղասպանություն: «Հայ ժողովուրդը չի կարող մոռանալ և ներել իր հետ կատարվածը»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ Հայաստանն ու Սփյուռքը միահամուռ փորձում են աշխարհին ներկայացնել «Ոչ ցեղասպանությանը» կարգախոսը: «Եթե ժամանակին դատապարտեին Հայոց Ցեղասպանությունը, ապա հրեաների հոլոքոստը չէր իրականացվի»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: