Ստեղծե՞լ օտարալեզու դպրոց, թե՞ ոչ. Բանավիճում են պաշտպանն ու արվեստագետը
Այսօր «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի կետերից մեկի շուրջ իրենց կարծիքները հայտնելու համար լրագրողներին հանդիպեցին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Ռուսական դպրոցն ավարտած բանախոսները տարբեր տեսակետներ ունեին այն դրույթի վերաբերյալ, որով հնարավորություն է տրվելու Հայաստանում օտարալեզու ուսումնական հաստատություն հիմնել:
Ռ. Բաբայանի խոսքով, ինքը դժգոհ է, որ ծնողներն իրեն ռուսական դպրոց են տարել, այդ պատճառով մինչ օրս նա Հայոց պատմությանը, իր իսկ խոսքով, լավ չի տիրապետում: Կրթական համակարգը նրա գնահատմամբ քանդված է, իսկ օտարալեզու կրթական հաստատությունների ստեղծումը կխանգարի այդ համակարգի սարքվելուն: Այստեղ արվեստագետը ծնողի իրավունքի խախտման հարց չի տեսնում, նրա խոսքով, հակառակը, հենց ծնողները անչափահաս երեխայի կարծիքն առանց հաշվի առնելու նրան օտարալեզու դպրոց տանելով խախտում են երեխայի իրավունքը: «Ես միշտ զգացել եմ այդ բացը, ես չգիտեմ Հայոց պատմությունը, ցավոք սրտի: Այն ինչ ես գիտեմ, լրացրել եմ հետո»,-սեփական օրինակը բերեց թատրոնի ղեկավարը, միաժամանակ կարևորելով օտար լեզունների լավ իմացությունը, իսկ դրանց դասավանդումը վատ մակարդակի վրա է գտնվում:
Պաշտպան Հարությունյանն ասաց, որ դժգոհ չի իր՝ ռուսական դպրոց ավարտելու կապակցությամբ: «Ես ընդունում եմ, որ ազգային դպրոցը պետք է հզոր լինի: Այս երկու հարցերը պետք է ոչ թե հակադրել, այլ ներդաշնակել»,-ասաց Ա. Հարությունյանը, ապա կարծիք հայտնեց, որ օտարալեզու դպրոցների ստեղծումը չի խանգարի հայկական դպրոցներին: «Կարծում եմ, դրանք վնաս չեն տա, այլ հնարավորություն կտան այլ մշակույթներից էլ որոշ էլեմենտներ վերցնել»,-ասաց նա: Ա. Հարությունյանի խոսքով, դպրոցների բացումն արգելելը հարցի լուծում չէ, արգելանքը ցույց է տալիս, որ մենք վախենում ենք թուլությունից: Պետք է հասկանալ խնդրի բուն պատճառն ու այն վերացնել, դրա համար նա առաջարկում է ազգային կրթությունը մրցունակ ու հզոր դարձնել:
Ռ. Բաբայանը համաձայն է, որ վախենում ենք, բայց նրա գնահատմամբ, վախի առարկան այլ է: Ըստ նրա, Հայաստանում վախենում են հետ մնալ ընդհանուր պրոցեսներից: Այս մտահոգությանը արվեստագետը պատասխանեց կրկին իր սեփական օրինակով. «Ես ղեկավարում եմ մի ազգային թատրոն, որը աշխարհի թատրոնների հետ խոսում է հավասարը հավասարի պես, հայոց լեզվով խաղալը ոչ մի բանով չի խանգարում մեզ»:
Ըստ նրա, «վերևներում այդ հարցի վերաբերյալ արդեն որոշում կա, չեմ ուզում հավատալ, բայց դա մաքուր սովետական տենդենց է»: «Սա ելք չի տուպիկային վիճակից, բարձրացրեք ազգային կրթության մակարդակը»,-ասաց նա, առաջարկելով դրա փոխարեն կիրակնօրյա դպրոցներ բացել համայնքների համար:
Ա. Հարությունյանն էլ նկատեց, որ ինքը շփվում է այլազգի իրավապաշտպաների հետ և զգացել, որ օտարալեզու հաստատություններն ավարտածներն ավելի լավ են պաշտպանում իրենց ազգային շահերը, քան հենց ազգային դպրոցներ ավարտած մասնագետները: «Գավառականությունից կամաց-կամաց պետք է դուրս գանք, այդ կրթական համակարգը մեզ հնարավորություն կտա մեր մշակույթն ավելի բաց դարձնել և ավելի հզորացնել»,-ասաց պաշտպանը:
Նշենք, որ 2005-ին փոփոխված «Լեզվի մասին» օրենքը նախատեսում է, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Կառավարության ներկայացարած ԿԳՆ փոփոխությունների նախագծում նշված է. «Հայաuտանի Հանրապետության տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման ոչ հանրակրթական և հանրակրթական ուuումնական հաuտատություն կարող է հիմնվել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ կամ մասնակցությամբ»: