Ուսանողներն անհանգստացած են. Նրանք վաղը բողոքի են դուրս գալու
Այսօր մի խումբ ուսանողներ, դասախոսներ, գիտաշխատողներ, ակադեմիկոսներ, ԳԱԱ թղթակից անդամներ և այլ գիտական կոչումներ ունեցող անձինք բաց նամակ են հղել հանրապետության վարչապետին ու լրատվամիջոցներին: Խնդրո առարկան, ինչպես պարզաբանում են ուսանողները, կառավարության որոշումն է, որով նվազեցվել են բուհերում և գիտահետազոտական կենտրոններում պետական պատվերով հատկացված մագիստրոսական և ասպիրանտական տեղերը:
«Մենք՝ ուսանողներս, կարծում ենք, որ դա հակասում է Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության մասին ՀՀ առավարության հետևյալ որոշման դրույթներին»,- ասված է ԶԼՄ-ներին հասցեագրված նամակում:
Կառավարության ղեկավարին հասցեագրված նամակում ուսանողները կոչ են անում ուշադրություն դարձնել այդ խնդրին, առաջարկում են ավելացնել այդ տեղերը և ռացիոնալ վերաբաշխում անել՝ ըստ մասնագիտությունների: Ուսանողների գնահատմամբ, բուհերում և գիտահետազոտական կենտրոններում պետական պատվերով հատկացված մագիստրոսական և ասպիրանտական տեղերի կտրուկ նվազեցումը հակասում է Հայաստանի գիտության զարգացման ռազմավարությանը:
Ուսանողները տեղեկացնում են, որ վաղը հարցի կապակցությամբ ԵՊՀ Կենտրոնական մասնաշենքին կից տարածքում կանցկացվի բողոքի ցույցը:
«Այս բողոքի ցույցը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի և ոչ մի քաղաքական ուժ սրանում ներգրավված չէ: ԵՊՀ-ն ցույցի կազմակերպման հետ ոչ մի առնչություն չունի: Նախաձեռնողներն ու կազմակերպիչները տարբեր համալսարանների ուսանողներ են»,- ընդգծել են ուսանողները: