«Մենք չգիտենք, թե ՀՀ ԿԳ նախարարին ինչն է ստիպել անելու նման հայտարարություն»
Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կեմիտեն հանդես է եկել հայտարարությամբ: Կոմիտեն նախ անդրադարձել է ապրիլի 15-17-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` Թիֆլիսում, Վրաստանի ԿԳ նախարար Դ. Շաշկինի հետ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում վրացերեն լեզվի ամբիոն բացելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը («Ջավախքում հայկական պետական բուհի բացման կարիք այլևս չկա, հետևաբար` խնդիրը, որը երկկողմ հարաբերություններում համարվում էր ցավագին հարց, այժմ լուծված է», Ա. Աշոտյան), ապա նշել.
«Մենք չգիտենք, թե ՀՀ ԿԳ նախարարին ինչն է ստիպել անելու նման հայտարարություն, սակայն պարզորոշ են մի քանի հանգամանքներ. Ջավախքում հայկական կամ հայ-վրացական պետական բուհի հիմնումը դա ջավախահայության հարատև պահանջն է, և այդ հարցը «լուծված» կամ «փակված» կարող է համարել / չհամարել միմիայն նա: ՀՀ-ի պաշտոնյաների, այդ թվում Ա. Աշոտյանի խնդիրն է օժանդակել ջավախահայության կողմից առաջադրված հարցերի լուծմանը, այլ ոչ թե վերջինիս փոխարեն հանդես գալ ինչ-ինչ նախաձեռնություններով կամ անպատասխանատու հայտարարություններով: Ջավախքում հայկական պետական բուհի հիմնումը միայն վրացերենի ուսուցման ապահովում չէ, այլ` ջավախահայ երիտասարդությանը հայրենի հողում պահելու, Ջավախքում կրթամշակութային կյանքը զարգացնելու միջոց:
Ելնելով այս իրողություններից` հայտարարում ենք. ԵՊԼՀ-ի վրացերեն լեզվի ամբիոնի բացումը ողջունելի է, սակայն այն չի կարող փոխարինել Ջավախքում հիմնվելիք հայկական պետական բուհին: Ավելին` դեռ պարզ չեն այն մեխանիզմները, թե ավելի քան մեկուկես հազար ջավախահայ ուսանողներն ինչպես են կազմակերպելու իրենց վրացերենի ուսուցումը վերոհիշյալ ամբիոնում: Հետաքրքիր է, մինչ այսօր ԵՊՀ-ում գործող Շ. Ռուսթավելու անվան վրացագիտության կենտրոնի տեղը նրանցից քանիսը գիտեր: Մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նոր բացվող ամբիոնը ևս կունենա հնի ճակատագիրը: Ջավախահայության` հայկական պետական բուհի բացման մասին արդարացի պահանջների անտեսումը կամ շրջանցելը բոլոր առումներով դատապարտելի է: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հայտարարությունը ոչ մի ընդհանուր աղերս չունի ջավախահայ ուսանողների խնդիրների հետ:
Հուսով ենք, որ այս ամենի տակ չկան տարատեսակ կասկածելի հանգամանքներ, և հայտարարությունը չի արվել վրացական ճնշումների պայմաններում, այլ այն պարոն Աշոտյանի անմտածված քայլի արդյունք է: Լավ կլիներ, որ պարոն Աշոտյանն իր հայտարարությունից առաջ այցելեր Ջավախք, տեղում լսեր կազմակերպությունների պահանջները, մի քիչ խորհեր, նոր անցներ գործի»: