Վարչապետն ասել է, որ Հայաստանի տնտեսությունը մտել է վերականգնման փուլ
«Կարող ենք արձանագրել, որ ունենալով առաջին եռամսյակում 5.5 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ, մեր տնտեսությունը նույնպես մտել է վերականգնման փուլ», -այսօր կառավարության նիստում վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները` հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ 10 տոկոսանոց աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում և շուրջ 10 տոկոսանոց աճ` էլեկտրաէներգիայի արտադրությունում, գյուղատնտեսությունում` 3.2 տոկոս: Չնայած 5.5 տոկոս ընդհանուր աճին, վարչապետը նկատեց, որ շինարարության ոլորտում նվազում է գրանցվել:
«Մի կողմից դա վկայում է այն մասին, որ տեղի է ունենում տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիա, և կախվածությունը շինարարության աճի տեմպերից նվազում է, մյուս կողմից դա նշանակում է, որ դեռևս մասնավոր ներդրումներ շինարարության ոլորտ չեն գնում: 2008 թ. շինարարության ծավալների 75 տոկոսը ֆինանսավորվել է մասնավոր հատվածի հաշվին: Այսօր նոր կառուցվող շինարարական օբյեկտների վրա դեռևս մասնավոր ներդրումներ չեն արվում: Ես ուզում եմ հակաճգնաժամային մեր քայլերի այս մանրամասն անպայման հնչեցնել, որովհետև շատ հաճախ թյուրըմբռնում կա, թե կառավարությունը շինարարության ոլորտում ֆինանսավորում է իրականացրել», -նկատեց վարչապետ Սարգսյանը` ընդգծելով, որ նման բան չի եղել և կանխիկ հոսքերը շինարարության ոլորտ չեն ուղղվել:
Նա հստակեցրեց, որ կառավարությունը խթանել է, որպեսզի առևտրային բանկերը ֆինանսավորեն այնպիսի անավարտ շինարարություններ, որոնց պատրաստվածության աստիճանը 50 տոկոսից ավելի է և գրավադրված առարկաների և գույքի շուկայական արժեքը չափազանց բարձր է:
«Միայն այդ դեպքում կառավարությունն ընդամենը երաշխիքներ է տվել առևտրային բանկերին, որովհետև առևտրային բանկերն իրենք են գնահատել այդ անավարտ շինարարության ռիսկայնությունը: Ընդ որում, այդպիսի երաշխիքների ծավալն ընդամենը 5 մլրդ է, այն դեպքում, երբ հիփոթեկային վարկավորմանն ուղղված միջոցներն առնվազն երեք անգամ գերազանցում են այն միջոցներին, որոնք առևտրային բանկերն ուղղել են անավարտ շինարարությունները վերջացնելուն», -պարզաբանեց վարչապետը:
Արտահանման` 60 տոկոսով աճի վերաբերյալ վարաչպետը նշեց, որ արտահանումը հիմնականում պայմանավորված է հանքահումքային արդյունաբերության արտահանման ծավալների աճով և համաշխարհային տնտեսության ցուցանիշների բարելավմամբ: