Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է կոալիցիայի հայտարարությանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի օրակարգից արձանագրությունների հարցի հանելու մասին կոալիցիոն ուժերի հայտարարությանը:
«CNNturk»-ի տեղեկացմամբ` Էստոնիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է Էրդողանին և իրազեկել այդ մասին: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրաք Օզուրգերգինն էլ հանդես է եկել հայտարարությամբ:
«Մենք այժմ քննարկում ենք այդ այդ հարցը: Վերլուծում ենք այդ հայտարարության բովանդակությունը և որոշում, թե ինչ քայլեր պետք է կիրառենք»:
Դիվանագիտական հարցերով «CNNTurk»-ի խորհդական, փորձագետ Յալըմ Էրալփը մեկնաբանել է կատարվածը.
«Նրանք (հայեր) ստորագրությունները հետ չեն կանչում: Վավերցաման գործընթացն են սառեցնում: Թուրքիայում ևս վավերացման գործընթացը սառեցված է: Այդ իսկ պատճառով Հայաստանի ընդունած որոշումը կարծես թե համահունչ է Թուրքիայում տիրող իրավիճակին: Երբ Թուրքիան գործի կանցնի, այն ժամանակ էլ հայերը կգործեն: Այդ տպավորությունն է»:
Էրալփն ընդգծել է այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացը կավարտվեր, եթե հայկական կողմը հետ կանչեր իր ստորագրությունները: Բայց այդպես չեղավ: Միայն սառեցվել է գործընթացը:
«Թուրքիան վավերացման այդ գործընթացը սկսելու համար Ադրբեջանի կանաչ լույս վառելուն: Դրա համար հայ-ադրբեջանական հակամարտության լուծման հարցում նվազագույն դրական զարգացումների տեղի ունենալն է անհրաժեշտ»,- նշել է Էրալփը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի քաղաքական խորհուրդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ նախագահը ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության աջակցությամբ հետևողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ...
Հայկական կողմի կառուցողական ջանքերը և միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետևողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը...
Նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում, անհրաժեշտ է համարում այդ գործընթացի առկախումը, և որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի` դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը` մինչև թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման»:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ