ՀԱՕԿ-ը սգում է Խուան Անտոնիո Սամարանչի մահը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 21-ին 89 տարեկան հասակում կյանքից հեռացավ Միջազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը: 1966 թ. նա դարձել է ՄՕԿ-ի անդամ, իսկ 1980 թ. մոսկովյան օլիմպիադայի մեկնարկից 3 օր առաջ ընտրվել է ՄՕԿ-ի նախագահ:
1994 թ. ապրիլի 19-20-ը ՄՕԿ-ի պատվիրակությունը մարկիզ Խուան Անտոնիո Սամարանչի գլխավորությամբ այցելել է Հայաստան: Նա եղել է նաև Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրում, ծանոթացել մարզակառույցներին: Տպավորվել և հիացած ասել էր, թե արդեն հասկանում է` ինչումն է ԽՍՀՄ և Հայաստանի հավաքականների ու մարզիկների հաջողությունների գաղտնիքը: Սամարանչը նաև գումար է տրամադրել ՀԱՕԿ-ի կարիքների ու Ծաղկաձորի մարզահամալիրի վերանորոգման աշխատանքների համար:
ՄՕԿ-ի պատվիրակության այցը Հայաստան նպաստել է հանրապետությունում օլիմպիական շարժման հեղինակության բարձրացմանը, մարզական աշխատանքների աշխուժացմանը, միջազգային մարզական կապերի բարելավմանը, օլիմպիական շարժման բազմաթիվ հարցերի պարզաբանմանը:
Խուան Անտոնիո Սամարանչի հիշատակը վառ կմնա մեր մարզաշխարհի մարդկանց հիշողության մեջ: