«Ակադեմիայի համակարգի հիմնական կադրային պոտենցիալը ստեղծվում է ԲՈՒՀ-ական համակարգի շրջանավարտների հաշվին»
«Գիտական մշակումներն արտադրությանը հասցնելու հարցում ոչ երկրորդական դեր է խաղում նաև տնտեսվարող սուբյեկտներից շատերի բացահայտ անտարբերությունը նորարարական առաջարկների նկատմամբ»,-այսօր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ասաց ԳԱԱ-ի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
ՀՀ ԳԱԱ նախագահը ներկայացրեց խնդիրներ, որոնց լուծումներն անհրաժեշտ է գտնել Ազգային ինովացիոն համակարգի ձևավորման համար: Նախևառաջ պարզեցնել և ներկայացնել տեխնոլոգիական ինովացիաներ մշակելու նպատակով ինվեստիցիաների աղբյուրներից օգտվելու մեխանիզմները, հստակեցնել ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների կողմից պետական հովանավորությամբ վարկեր ստանալու հնարավորությունները:
Ամրապնդել պետական գիտական կազմակերպությունների նկատմամբ իրավունքներն այն մտավոր սեփականության համար, որը ստեղծված է պետական միջոցների հաշվին: Խրախուսել բիզնեսի ոլորտի ինվեստիցիաները գիտական հետազոտությունների մեջ, տալ բիզնես-կազմակերպություններին հարկային պարտավորություններ` ապահովելով պարզ մեխանիզմներ գիտական հետազոտությունների և մշակույթի վրա կատարված ծախսերի հարկային դուրս գրման համար:
Ինչպես նաև պետական գերատեսչություններին մասնակից դարձնել գիտական ինովացիոն հետազոտությունների արդյունքների օգտագործմանը` նպատակ ունենալով խթանել տեղական տեխնոլոգիաների զարգացումը: Կազմակերպել հետազոտական կենտրոններ, որոնց նպատակն է համախմբել գիտական արդյունքների կոմերցիալիզացիայի հետ կապված ծառայությունները։
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց Ռուսաստանի ԳԱ-ի, Հունգարիայի Հանրապետության ԳԱ-ի Բելառուսի ԳԱ-ի, Գերմանիայի Մաքս-Պլանկի ընկերության, Ֆրանսիայի CNRS կենտրոնի և այլ երկրների գիտական կենտրոնների հետ ՀՀ ԳԱԱ-ի կողմից իրականացվող միջազգային համագործակցության ծրագրերը։
Նա նշեց, որ 2009թ. ՀՀ ԳԱԱ-ում անցկացվել են 18 միջազգային միջոցառումներ, որոնց մասնակցել են 244 գիտնական եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Արևելյան Ասիայի երկրներից։
ՀՀ ԳԱԱ նախագահը, խոսելով ԳԱԱ-ու երիտասարդ կադրերի կարևորության մասին, ընդգծեց, որ ակադեմիայի համակարգի հիմնական կադրային պոտենցիալը ստեղծվում է ԲՈՒՀ-ական համակարգի շրջանավարտների հաշվին։
«Ակադեմիան, շահագրգռված լինելով բարձր որակավորման մասնագետներ ստանալու հարցում, ակտիվ համագործակցում է մեր առաջատար ԲՈՒՀ-երի հետ»,- եզրափակեց նա: