Մեկ շաբաթից մեկնարկում է «Շանհայ-2010»-ը
Մայիս 1-ին մեկնարկում է «Շանհայ-2010» ցուցահանդեսը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Էկոնոմիակայի փոխնախարար Արա Պետրսյանը:
Փոխնախարարը նշեց, որ այսօրինակ միջոցառման Հայաստանը առաջին անգամ չէ, որ մասնակցում է: Ցուցահանդեսը տևելու է 6 ամիս և ավարտվելու է հոկտեմբերի 31-ին:
«Հայկական տաղավարը լինելու է եվրոպական հատվածում: Ցուցահանդեսի ընդհանուր տարածքը կազմում է 6կմ-ն 1 կմ-ի վրա, իսկ հայկական տաղավարի ընդհանուր տարածքը կազմում է 500 քմ: Եվրոպական տարածքում 7 երկրներ են ներկայացված` այդ թվում Վրաստանը և Ադրբեջանը:
Ցուցահանդեսը լինելու է աննախադեպ այցելուների քանակով: Նախատեսված է, որ 70-100 մլն այցելու է լինելու, սակայն եթե 70 մլն այցելուներն էլ գերազանցվի, ապա ևս աննախադեպ կլինի»,-նշեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ հայեցակարգային թեման առաջարկվել էր կազմակերպիչների կողմից` «Աշխարհի քաղաքը»: Ա. Պետրոսյանը նկատեց, որ հայկական թեմատիկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա:
«Արդեն էքսպոյի վերաբերյալ ամսագրերից մեկում կա Հայաստանի տաղավարի վերաբերյալ հոդված: Մեր տաղավարը մայիսի 1-ից առ ցանց ցուցադրության հնարավորություն կունենա` www.expo.cn կայքում»,-ասաց փոխնախարարը:
Նշենք, որ առ ցանց ներկայանալու հայտ էին ներկայացրել 30 երկրներ, որոնցից հաղթել էր 13 երկիր, նրանց մեջ է նաև մեր երկիրը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարը այս միջոցառման գլխավոր հանձնակատարն է, իսկ օպերատորը Հայկական զարգացման գործակալությունը: Նախագծին պետբյուջեով 2010թ.-ին տրամադրվել է 500 մլն դրամ, իսկ 2009թ.-ին` 77 մլն, ինչպես նաև չինական կողմը համաֆինանսավորմամբ տրամադրել է 650 հազար դոլար:
Ինչպես հավաստեց փոխնախարարը, այս գումարները բավական խելամիտ ներդրումներ են: