Մենք պատասխանատու ենք մեր ապագա սերունդների կրթության համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում շարունակվում են դասախոսությունները Հայաստանի բուհերում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսությունները շարունակվում են` հետապնդելով մեկ նպատակ` Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք մեկնել Հայաստանի բուհերին և նրանց հետ կիսել գործունեության ընթացքում կուտակած փորձը:
«Թե ինչպիսին կլինի վաղվա օրը կախված է այսօր մեր կատարած գործողություններից և մտքերից: Դուք պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեք գիտելիք ստանալու ուղությամբ և հնարավորինս շատ փորձ ձեռք բերեք: Այսօր մենք այստեղ ենք` ձեզ հետ մեր փորձը և գիտելիքները կիսելու նպատակով, քանի որ համոզված ենք, որ հնարավոր չէ առաջընթաց ապահովել մեկուսացման մեջ գտնվելով: Մենք հավատում ենք, որ ապագան ավելի լավը կլինի, եթե մենք ձեռք ձեռքի տանք և ձեր ստացած տեսական կրթությունը համալրենք մեր կողմից տռամադրվող իրական փորձով»,- Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան համալսարանի ուսանողներին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում Ռալֆ Յիրիկյանի ԱՄՆ կատարած այցելությունից հետո այս հանդիպումն առաջինն էր hայաստանյան ուսանողների հետ: «Մենք հպարտանում ենք մեր ինքնությամբ և մեր սերը արտահայտում ենք գործով: Մեր` այստեղ գտնվելը մեր ինքնությանը և ազգին ծառայելու առաքելության վկայությունն է»,- ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրել է բիզնեսի զարգացման մարտավարությունը, ցանցի տեխնիկական զարգացումը, մարքեթինգային մարտավարությունը և կազմակերպության որդեգրած Կորպորատիվ պատասխանատվության գաղափարախոսությունը:
«Պատահական չէ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջատար բջջային օպերատորն է: Մեր կողմից ընդունված հիմնարար արժեքները ևս այն նպատակներից են, որոնց մենք ձգտում ենք հասնել: Բիզնեսը չպետք է առաջնորդվի բացառապես կոմերցիոն նպատակներով: Կազմակերպությունները հասարակության մաս են կազմում ու հետևաբար պետք է հետևեն Կորպորատիվ պատասխանատվության գաղափարախոսությանը: Մենք ձեռք ենք մեկնում սպորտին, մշակույթին, առողջապահությանը, բնապահպանությանը, քանի որ մենք հավատացած ենք, որ մեր օժանդակությունն անհրաժեշտ է հասարակության առավել խոցելի և միևնույն ժամանակ` կենսական անհրաժեշտություն ունեցող բնագավառներում»-ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:
Դասախոսությունից հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը պատասխանել է ունկնդիրների հարցերին: Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան համալսարանը հիմնադրվել է 1994 թվականին: 2005 թվականին համալսարանին շնորհվել է պետական համալսարանի լիցենզիա: Համալսարանը մասնագիտացված է հետևյալ բնագավառներում. հայոց լեզու և գրականություն, պատմություն, մանկավարժություն, մեթոդաբանություն: