Մասնագետ. «Պետք է ձերբազատվել այժմյան ուղղագրությունից և վերադառնալ մեր ակունքներին»
«Մի լեզուն չի կարող ունենալ երկու ուղղագրություն, այն պետք է մեկ ուղղագրություն ունենա: Պետք է ձերբազատվել այժմյան ուղղագրությունից և վերադառնալ մեր ակունքներին»,- այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց Մատենադարանի գիտաշխատող Գևորգ Տեր-Վարդանյանը:
Ըստ նրա` այսօր անհրաժեշտ է վերադառնալ դասական ուղղագրության և սկսել այն կիրառել: «Իմ մտահոգությունն այն է, որ այժմյան ուղղագրությամբ մենք մեր հին մշակույթից` հատկապես գրական մշակույթից, խորթացել ու հեռացել ենք: Մեր հին գրականության զգալի մասը ուսումնասիրման կարոտ է, մենք պետք է մեր մշակույթին տեր կանգնենք: Մենք մեր արմատներին պետք է կպած լինենք: Հին ուղղագրությունը վերականգնելու համար պետք է պետական աջակցություն լինի»,- ասաց նա:
Գրականագիտության դոկտոր-պրոֆեոսոր Ազատ Եղիազարյանը նշեց, որ համաձայն չէ Գևորգ Տեր-Վարդանյանի հետ և հավելեց, որ այսօրվա ուղղագրությունը մեզ որևէ բանից չի բաժանում և չի հեռացնում: «Այսօր մեզ որևէ բան չի խանգարում կարդալ Գրիգոր Նարեկացի կամ Մովսես Խորենացի` բնագրով: Այսօր ծանր չէ հասկանալ մեր հին ուղղագրությունը»,- ասաց նա:
Նա նշեց, որ հին ուղղագրությունը մեր հին մշակույթի մի մասն է, սակայն այսօր կարիք չկա վերադառնալ հին ուղղագրությանը: «Պետք է հասկանալ, որ այսօր հետադարձ քայլ կատարելը հիմնավորված չէ: Հիմա ժամանակը չի վերադառնալ հին ուղղագրությանը, այսօրվա ուղղագրությունը մեզ ամբողջությամբ բավարարում է»,- ասաց նա: