Պատգամավորները նաև փրկի՞չ. նրանք 3 միլիլիտր արյուն են հանձնում
Այսօր Ազգային ժողովում անսովոր աշխուժություն էր. պատգամավորները արյուն էին հանձնում, 3 միլիլիտր: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամն այս տարի նշում է իր տասնամյակը և որոշել է պետական մարմինների ներկայացուցիչներից արյուն հավաքել` 10 հազար դոնորով ավելացնելով ռեեստրի արյան բանկը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանն այսօր խորհրդարանում ասաց, որ ռեեստրին նախորդ տասը տարիների ընթացքում դոնորագրվել է 15 հազարից ավել հայ` Հայաստանից, Ղարաբաղից և 8 եվրոպական ու միջինասիական երկրներից:
Ավագյանը բացատրեց, որ իրենք հատուկ խնդիր չեն ունեցել` անպայման պատգամավորի արյուն ունենալ:
«Բայց խնդիրն այն է, որ Ազգային ժողովի նախագահի և խորհրդարանի մեծամասնության արածը, կարծում եմ, օրինակ կծառայի մեր ժողովրդին», -պարզաբանեց Սևակ Ավագյանը:
Նրա խոսքով, ռեեստրին միայն հետաքրքրում է արյուն տվողների գենետիկան` վերցնում են 3 մլլ արյուն, ստուգում են նրանց հակամարմինները, որոնք տեղավորվում են համակարգչի մեջ:
«Մենք այդպիսով փաստորեն ինֆորմացիոն բանկ ենք ստեղծում: Եթե նրանց կարիքը զգացվի ու արյունը համընկնի որևիցե հիվանդի հետ` հայ և ոչ հայ, ապա դոնորի ուսումնասիրման նոր քննությունների շրջան կսկսվի: Բացառվում է, որ դոնորը այլ հիվանդություն ունենա», -հավելեց մասնագետը:
Նա ասաց, որ տարեկան 150 ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող նոր հիվանդ է ի հայտ գալիս: Ռեեստրն այս 10 տարիների ընթացքում 700 համընկնում ունի: Դա այն է, երբ ռեեստրի արյան բանկի արյունը համընկել է հիվանդի արյան հետ: «Այսինքն` 3 միլիլիտր արյուն հանձնելով ակնկալել, որ մեկի կյանքը կարող ես փրկել առանց քեզ վնաս տալու, մեծ գործ է», -հավելեց մասնագետը:
Նա նաև տեսակետ հայտնեց, որ արյան հանձնման այս գործընթացը կարող է ազգի միասնության գրավական լինել:
Լրագրողներին հետաքրքրում էր, թե հետագայում կարող են տեղեկանալ, թե պատգամավորները ունեն որոշակի ինֆեկցիոն հիվանդություն, Սևակ Ավագյանն ասաց, որ դա գաղտնիք է և անձնական տվյալները չեն բացահայտվում:
Խորհրդարանի միջանցքում տեղադրված երկու սեղանների մոտ պատգամավորները հերթ ին կանգնել` արյուն տալու համար, ոմանք էլ անհամբեր էին, որոշներն էլ հուզվում էին: Նրանք սկզբում լրացնում էին համապատասխան հարցաթերթիկը, այնուհետև մոտենում արյուն վերցնող աղջիկներին: Արյուն տված պատգամավորների թիվը ռեեստրը կհրապարակի ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան