Թուրք ընդդիմադիրները Դավութօղլուից պահանջել են հետ կանչել արձանագրությունները
Նախօրեին թուրքական մեջլիսում, մինչև սահմանադրական փոփոխությունների փաթեթի հերթական քննարկման մեկնարկը, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական արձանագրություններին: Արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանական ամբիոնից պարզաբանումներ է հնչեցրել թեմայի առնչությամբ` ընդգծելով, որ կարգավորման գործընթացը Հայաստանի ու Թուրքիայի միջև ավարտված չէ, շարունակվելու է: Մինչդեռ ընդդիմադիր ուժերը կտրուկ հակազդեցություն են ցուցաբերել` իշխանություններին քննադատելով այդ արձանագրությունների տակ ստորագրելու համար:
Ըստ «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի` «Ժողովրդահանրապետական» (CHP) և «Ազգայնական շարժում» (MHP) ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները հանդես են եկել դատապարտող ելույթներով` պահանջելով անհապաղ խորհրդարանից հետ կանչել արձանագրությունները: Թուրք ընդդիմադիրների համոզմամբ` Երևանի հետ կարգավորման գործընթացն այլևս տապալված է:
Օրինակ` «Ժողովրդահանրապետական» կուսակցության Բուրսայի պատգամավոր Օնուր Օյմենը հայտարարել է, որ քանի դեռ հայերը չեն վերադարձրել «գրավյալ» տարածքները և չեն հրաժարվել Ցեղասպանության հարցի միջազգայնացումից, արձանագրությունների վավերացման անհրաժեշտության մասին խոսք չի կարող լինել:
«Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը կտրուկ է: Այդքանից հետո դուք դեռ խոսում եք արձանագրությունների` մեր կողմից վավերացնելու մասի՞ն: Արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անցել է, հայկական զինուժը նույնիսկ մեկ գյուղից դուրս չի եկել: Իսկ դուք համառորեն ստորագրեցիք արձանագրություններն ու այժմ էլ դրա պտուղներն եք քաղում»,- դժգոհել է թուրք մեջլիսականը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ