«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի». Լսումները կլինեն սեպտեմբերի 15-ին
Սեպտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կանցկացվեն լսումներ Հայաստանի քաղաքացի, ԼՂ փախստական Մինաս Սարգսյանի՝ Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ: ՀՀ քաղաքացին Ադրբեջանին մեղադրում է սեփականության իրավունքի ոտնահարման մեջ ու պահանջում փոխհատուցում: Panorama.am-ին հայտնի դարձավ, որ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» բողոքի երրորդ կողմ հանդես է գալու ՀՀ կառավարությունը:
Նույն օրը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Եվրոպական դատարանում լսվելու է Լաչինի նախկին բնակիչ Չիրագովի հայցն ընդդեմ ՀՀ-ի: Հայաստանի շահերը եվրոպական դատարանում պաշտպանելու է Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը:
Եվրոպական դատարանում Panorama.am-ի աղբյուրը հավաստեց, որ կողմերի փաստերի ներկայացման վերջնաժամկետը այս տարվա մայիսի 15-ն է: Մեր տեղեկություններով, Հայաստանի կառավարությունը պահանջել է, որ լսումներն անցկացվեն Եվրոպական դատարանի Վերին պալատում և դռնբաց կարգով: