Թուրքական ֆիրմաները Վրաստանում կատարել են ավելի քան 500 մլն դոլարի ներդրումներ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ընդունել է Վրաստանի իր պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեին: Հանդիպումից հետո արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Ահմեթ Դավութօղլուն վրաց-թուրքական հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական և շեշտել, որ երկու երկրներն այժմ ջերմ բարիդրացիության մեջ են: Դավութօղլուն ընդգծել է նաև այն հանգամանքը, որ Թուրքիան Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է: Թուրքական ֆիրմաների կատարած ներդրումները Վրաստանում արդեն հատել են 500 միլիոնի սահմանագիծը: Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են ներդրումների ծավալներն ավելացնելու վերաբերյալ հարցեր:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթը, հանդիպմանը կողմերը քննարկել են կովկասյան տարածաշրջանի կայունության և համագործակցության պլատֆորմի գաղափարը, որի նպատակը Կովկասում կայունություն, անվտանգություն և բարեկեցություն ապահովելն է:
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Անկարան շարունակելու է աջակցություն ցուցաբերել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազմուղի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շնորհիվ ձևավորված տարածաշրջանային համագործակցությանը: