Բաքուն մաքսատներում արգելքներ է ստեղծում «McDonalds»-ի համար
«Ենի մուսավաթը» հայտնել է, որ ԱՄՆ ճնշումներին ի պատասխան`Բաքուն լուրջ արշավ է սկսել ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի խորհրդանիշ «McDonald’s» ռեստորանները փակելու համար: Վստահելի եւ տեղեկացված աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ «McDonald’s» ռեստորանների համար բերված մթերքը բաց չեն թողնում մաքսատներից: Բացի «Coca-cola»-ից, «McDonald’s»-ի արտադրանքի համար բոլոր ապրանքները պատրաստի վիճակում Բաքու են բերվում արտասահմանից, օրինակ` կարտոֆիլը բերվում է Նիդեռլանդներից, մսից եւ կաթից պատրաստված ուտեստները` Ուկրաինայից, սոուսները` Գերմանիայից: Հիմնական մթերող ընկերությունն էլ մոսկովյան կենտրոնն է:
Բաքուն ցանկանում է Ադրբեջանում գործող ամերիկյան այդ 5 ռեստորանների համար նախատեսված մթերքը տարբեր պատճառաբանություններով մաքսատներում ուշացնելու միջոցով կաթվածահար անել «McDonald’s»-ի ցանցի աշխատանքը, վնաս պատճառել եւ արդյունքում սնանկացնելով փակել դրանք:
Ըստ աղբյուրների, բոլորվին էլ պատահական չէ, որ Ադրբեջանում հակաամերիկյան բիզնես-արշավն սկսել են «McDonald’s»-ից. այստեղ դրանք համարվում են Բարաք Օբամայի «օբյեկտները»: 2005 թ.-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Ռիչարդ Լուգարի հետ Ադրբեջան կատարած այցի ընթացքում Օբաման «McDonald’s» ռեստորանների լոբբինգով է զբաղվել, ինչի մասին ամերիկյան մամուլը (Chicago Tribune) գրել էր 2008 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ:
«Ադրբեջանի իշխանությունները կարծում են, թե ԱՄՆ նախագահի վրա ճնշում գործադրելու ամենալավ ճանապարհը նրա հետ կապ ունեցող օբյեկտներին նեղելն է: Սակայն իշխանության այդ վարքագիծը կարող է շատ թանկ նստել, քանի որ ԱՄՆ-ի ձեռքում իշխանությանը սեղմելու բավական լուրջ լծակներ կան: Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ի դեմ «համարժեք քայլերի» շղթայում չեն ներառվել այդ երկրի խոշոր նավթային ընկերությունները, քանի որ այդ ընկերությունները հիմնականում պատկանում կամ կապված են Ադրբեջանի իշխանության` ԱՄՆ-ում գտնվող հանրապետական ընկերների հետ»,- հայտնել է թերթը:
«Ենի մուսավաթը» նաեւ հիշեցրել է, որ այս օրերին խորհրդարանում պատգամավոր Ֆազաիլ Աղամանլըի` ԱՄՆ-ին պատժելու համար այդ երկրի նավթային ընկերությունները երկրից վտարելու մասին առաջարկից հետո անմիջապես նրան զգուշացրել են փոխել թեման: