Պ. Զեյթունցյան. «Հիշողությունը բարոյականություն է, իսկ այն ժողովուրդը, որը կարող է մոռանալ իր անցյալը, անբարո է»
«Մինչև 1965 թվականը, ես` հայրենադարձս, Հայոց ցեղասպանության մասին աղոտ պատկերացումներ ունեի: Ապրիլի 23-ից հետո միանգամից գալիս էր ապրիլի 25-ը, 24` չկար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ասաց գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը:
Նա հիշում է, որ ցեղասպանության մասին լսել է իրենց հարևաններից, երբ երեկոյան վառարանի շուրջ նստած լսել են տիկին Սրբուհու ու պարոն Գևորգի պատմությունները Եղեռնի մասին:
«Իսկ 1965 թվականին անմոռանալի բան եղավ, քնած ժողովուրդը զարթնեց: Մի բան է տպավորվել մեջս, որ անկարգապահ ժողովուրդ ենք մենք ու 100 հազար հոգուց ոչ մեկը ոչ մի մարգ չկոխոտեց այդ օրը: … Զարմանալի բան էր»,-հիշեց գրողը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի մասին, նշեց, որ նա թուրքերին ատում է ու սրա վերաբերյալ կասկած չկա, սակայն հավելեց, որ հարևաններ են ու պետք է կարողանան միասին ապրել:
Իսկ հաշտություն Հայաստանի ու Թուրքիայի միջև, ըստ նրա, երբեք չի կարող լինել: Պարզապես, Պ. Զեյթունցյանը կարծում է, որ այս երկու երկրների միջև կարող են լինել նորմալ հարաբերություններ, ինչպես Հնդկաստանի ու Բանգլադեշի միջև:
«Սահմանները բացենք, դիվանագիտական հարաբերություններ ստեղծենք` չի խանգարի: Ես դրան կողմնակից եմ, բայց «շան հետ ընկերություն արա` ձեռքիցդ փայտը մի գցի», սա պետք է չմոռանանք, այդպես է պետք անել: Մենակ թե պետք է մեղքանալ դիվանագետներին, որ պիտի ուղարկվեն Անկարա, ինչպես հիմա շատ մեղքանում եմ մեր Վեհափառին, խեղճն ով գիտի` ինչ է զգում»,-ասաց Պ. Զեյթունցյանը:
Գրողը նշեց, որ հայը երբեք չպետք է մոռանա Հայոց ցեղասպանության փաստը: Ըստ նրա, հիշողությունը բարոյականություն է, իսկ այն ժողովուրդը, որը կարող է մոռանալ իր անցյալը` անբարո ժողովուրդ է:
Գրողը նշեց, որ ճշմարտությունը կեղծել հնարավոր չէ: Նա նկատեց, որ երկու երկների ժողովուրդներն էլ երբեք չեն կարող մոռանալ կատարվածը, հատկապես` հայերը:
«Անդունդը երբեք չի լցվի: Ասում եմ` քաղաքակիրթ հարաբերություններ են պետք, սահմանը բացել է պետք, դիվանագիտական հարաբերություններ ստեղծել, բայց մեռանալ` երբեք: Սահմանների բացումը ոչինչ չի նշանակում` թուրքը մնում է թուրք»,-ասաց հրապարակախոսը:
Նա միևնույն ժամանակ նշեց, որ ինքն անձամբ` որպես մտավորական, ոչինչով չի պատրաստվում նպաստել, որ երկու երկրների միջև «անդունդը վերանա»:
Պ. Զեյթունցյանը նշեց, որ Թուրքիայի հետ կարելի է միայն կիրթ հարաբերություններ ստեղծել. «բարև, բարի լույս, ոնց եք» ու ոչ մի ավել բան քան դա:
Վերջում, նա նշեց, որ հրաշքների չի հավատում և հողերի վերադարձ կարող է լինել միայն պատերազմից, թուր ու թվանքից հետո: