ՀՀ Նախագահը` երկրում տնտեսական աճի մասին «Կարծում եմ, որ այս դրական միտումը կշարունակվի»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ երկրում տնտեսական աճի դրական միտումը կշարունակվի: ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 11-րդ նիստում նա ասաց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը աշխարհի գրեթե բոլոր երկրների` այդ թվում նաև Հայաստանի տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն է թողել:
ՀՀ Նախագահը փաստեց, որ ճգնաժամի հետևանքները հանգեցրել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների և բնական գազի սպառման նվազմանը: Բայց այս տարի արդեն նկատվում է կայնություն և տնտեսական չափավոր աճի միտում, ինչի արդյունքում կվերականգնվի նախորդ տարիների ընթացքում ունեցած էլեկտրաէներգիայի և բնական գազի օգտագործման մշտական աճը:
Երկրի ղեկավարը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5,5 տոկոսով: «Կարծում եմ, որ այս դրական միտումը կշարունակվի»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահը նաև նշեց, որ այս տարվա ապրիլի 1-ից Հայաստանում բարձրացրել է բնական գազի սակագինը:
«Չցանկանալով ավելի բարդացնել հայ բնակչության սոցիալական դրությունը` մենք անփոփոխ ենք թողել էլեկտրաէներգիայի սակագինը: Այնուհանդերձ, որոշում ընդունվեց այս տարվա ապրիլի 1-ից բարձրացնել Հայաստանի ԱԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- ասաց Սերժ Սարգսյանը: