Սումգայիթ, փետրվար, 1988»... Ֆիլմ-մեղադրանք, ֆիլմ-բացահայտում... «Այս ֆիլմը մեր իրականության համար առանձնակի նշանակություն ունի»
«Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ` «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմն արդեն պատրաստ է: Ֆիլմ-մեղադրանք, ֆիլմ-բացահայտում, ֆիլմ-ճշմարտություն, ֆիլմ...
«Այս ֆիլմը մեր իրականության համար առանձնակի նշանակություն ունի, որովհետև այս ֆիլմում ներգրավել ենք փաստագրական նյութեր, որոնք Սումգայիթի մասին մինչ օրս չեն հրապարակվել, նյութեր, որոնք ևս մեկ անգամ և ավելի խորը փաստում և ապացուցում են Ադրբեջանի ղեկավարության դերը և պետական մոտեցումը 20-րդ դարավերջին իրականացված առաջին խոշոր էթնիկական զտման, Ցեղասպանության` Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի գործում»,- ֆիլմի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը:
Նշենք, որ ֆիլմաշարը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ: Ա. Սաղաթելյանը նաև հավելեց, որ այս ֆիլմով վերջնականապես ավարտում և որևէ քննարկման տեղ չի մնում, թե ինչ է Սումգայիթը, ում կողմից էր կազմակերպված, արդյոք վերահսկվում էր ադրբեջանական քաղաքական իշխանությունների կողմից, թե ոչ:
Նախագծի հեղինակ, լրագրող Մարինա Գրիգորյանի խոսքով, ֆիլմում առաջին անգամ պատմվում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել Սումգայիթում 22 տարի առաջ փետրվարի 27-29-ը:
«Մինչև այժմ շատ-շատերը չգիտեն, թե ինչ է կատարվել Սումգայիթում, նույնիսկ Հայաստանում չգիտեն: Իսկ այս ֆիլմով պատմում ենք, թե ինչ է եղել: Հավաստիացնում եմ, որ բոլոր կադրերը, որ զետեղված են ֆիլմում, իրական են: Մեր տրամադրության տակ են եղել ԽՍՀՄ Գլխավոր դատախազության օպերատիվ նկարահանումները, նախաքննության և դատաքննության նյութեր, լուսանկարներ, որոնք կատարվել էին Ադրբեջանի դիահերձարաններում, ուր տեղափոխվել էին տանջամահ արված հայերի դիակները»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Ըստ նրա, Սումգայիթը տարբերվում է այն առումով, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության միակ ակտն էր, որը հետաքննվել է ու մեղավորները (թեև ոչ բոլորը) դատապարտվել են: Նախագծի հեղինակն ասաց, որ ֆիմում իրենք ապացուցել են այնպիսի «առասպելներ», թե իբր Սումգայիթում երեխա չեն սպանել, այն կազմակերպված չի եղել, Սումգայիթը իբր պատասխան էր Ղարաբաղի կողմից փետրվարի 20-ին ընդունված որոշմանը` Հայաստանի կազմ տեղափոխելու խնդրանքով:
«Ֆիլմում ապացուցել ենք, որ Սումգայիթը պատարաստվել է շատ ավելի վաղ, մանրակրկիտ, բարձր մակարդակով: Սումգայիթը կազմակարպվել էր Սովետական Ադրբեջանի պետական անվտանգության կոմիտեի կողմից, որը ղեկավարում էր Հեյդար Ալիևը»,- ասաց նա:
Ֆիլմում նաև ապացուցվում, որ Սումգայիթում այդ օրերին սպանվել է ոչ թե 27 հայ, ինչպես հայտարարվում էր պաշտոնապես, այլ այդ թիվը հասնում է հարյուրների, որի մասին վկայում են նաև ականատեսները:
«Մենք մեր ունեցած ոչ բոլոր նյութերն ենք զետեղել այս ֆիլմում: Սումգայիթում իրականացված սպանություններն իրենց դաժանությամբ ցնցում են նորմալ մարդուն: Մենք զերծ ենք պահել դիտողներին այդ ամբողջ վայրագույթունից»,- ասաց նախագծի հեղինակը` նշելով, որ հենց Սումգայիթից է Ադրբեջանում սկիզբ դրվել այն արատավոր ավանդույթը, որ նրանք հերոսացնում են մարդասպաններին:
Ֆիլմում զետեղված են բացառիկ նյութեր, որոնք փրկվել են նաև վերջնական ոչնչացումից: «Եթե մենք այդ կադրերը չգտնեինք, ապա մի քանի ամսից կկորցնեինք այդ գին չունեցող ապացույցները»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Նա շնորհակալություն հայտնեց` նշելով, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը (որը նաև ֆիլմի համահեղինակն է), վաղամեռիկ Սամվել Շահմուրադյանը մեծ ներդրում ունեն ֆիլմի ստեղծման գործում:
Նշենք, որ սա այս ֆիլմաշարի երկրորդ ֆիլմ է. առաջինը «Բաքու, հունվար, 1990» ֆիլմն էր: Ա. Սաղաթելյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ իրենք պատրաստելու են ևս 3 ֆիլմ` Մարաղայի, Խոջալուի և «Կոլցո» օպերացիայի մասին:
55-րոպեանոց ֆիլմը թարգմանվելու է ֆրանսերն ու անգլերեն (ռուսերեն և հայերեն տարբերակն արդեն կա) ու բաժանվելու է բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են այդ ֆիլմերը հասցնել միջազգային հանրությանը:
«Այս ֆիլմեր տարբերվում են մեր հակառակորդների կողմից ներկայացվող ֆիլմերից նրանով, որ մենք խոսում ենք փաստերով, իսկ իրենք միայն դատողություններ են անում»,- ասաց նա:
«Հուսով ենք, որ ֆիլմերում ներկայացված փաստերը Հայաստանի դիվանագիտության համար հզոր զենք կդառնան»,- ասաց Մ. Գրիգորյանը: