Ռ. Յիրիկյան. Ապագան Ձեր ձեռքերում է, և այսօր Դուք եք կառուցում Հայաստանի վաղվա օրը
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի տնտեսության զարգացման իր տեսլականը ներկայացրել է Առաջնորդության դպրոց հիմնադրամի ներկայացուցիչներին:
«Մենք մեծ պարտավորություն ունենք մեր ինքնությունը կրելու առումով, և ամենաքիչը, ինչ դուք կարող եք անել` կյանքում համոզմունքներ և նպատակներ ունենալն է: Ապագան Ձեր ձեռքերում է, և այսօր Դուք եք կառուցում Հայաստանի վաղվա օրը»,- ուսանողների հետ հանդիպման ընթացքում ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ապա ավելացրել. «Իմ առաջին և հիմնական խորհուրդը Ձեզ` հարգանքն է: Անկախ նրանից, թե կառավարման ինչ տեսակի և ոճի մեջ ընդգրկված կլինեք, առաջնային ու հիմնական մոտեցումը պետք է լինի հարգանքը, առանց որի ոչինչ չի կառուցվում»:
Ուսանողներին ներկայացվել է ընկերության որդեգրած կառավարման մշակույթը, քննարկվեցին գործատու-աշխատող փոխհարաբերությունները, որոնք ձևավորվում են հարգանքի, նվիրման, միմյանց աջակցելու և ընդհանուր ջանքերով առաջընթաց արձանագրելու մեխանիզմով, ինչպես նաև` այն մարտահրավերները, որոնք հաղթահարել է ընկերությունը գործունեության հենց սկզբից:
«Հաջողել կարող են բոլոր այն կազմակերպությունները, որոնք կողմնակից են աշխատանքային առողջ միջավայրի ստեղծմանն ու անհարկի ձևավորված կարծրատիպերից ձերբազատմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամբողջ ընտանիքն ունի ընդհանուր նպատակ` առաջ մղել բիզնեսը և դրանով արտահայտել մեր ազգի դրական իմիջը: Այս նպատակը իրականություն դարձնելու վճռականությունը հաղթահարելի է դարձնում բոլոր մարտահրավերները: Ձեզանից շատերը տարիներ անց կարող են ստանձնել որևէ օղակ կառավարելու պատասխանատվություն: Կարևորը, որն անհրաժեշտ է իմանալ` ընկերության ներսում արժեքային ճիշտ համակարգի կիրառումն է. հարգանքը, պատասխանատվության զգացումը, նվիրումն ու միմյանց նկատմամբ հոգատարությունը»,- ներկաների ուշադրությունը հրավիրել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ինչպե՞ս է ՎիվաՍել-ՄՏՍ-ը կիրառում կառավարման այդ մոդելը և որքանո՞վ է հաջողում հնարավոր բարդություները շրջանցելու հարցում: Այս և այլ հարցերի մեկնաբանություններ Առաջնորդության դպրոց հիմնադրամի ներկայացուցիչները ստացել են գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից:
Դասախոսությանը հաջորդել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում կազմակերպված շրջայցը: Հայաստանի բջջային առաջատար օպերատորի երիտասարդ հյուրերն առավել հստակ պատկերացում են կազմել արդյունավետ ու բաց կառավարման մասին: