450 ֆիլմից թվայնացվել է 260-ը. «Հայֆիլմ» կինոստուդիայի անգործությունը մտահոգել է պատգամավորին
Երբ «Հայֆիլմ» կինոստուդիան սեփականաշնորհվել է, ԱԺ պատգամավոր Արտաշես Շահբազյանը կարծել է, թե մի նոր հայկական Հոլիվուդ է ստեղծվելու: Սակայն ժամանակն անցել է, և պատգամավորը պարզել է, որ ոչինչ չի կատարվում կինոստուդիան զարգացնելու համար ու այժմ այն «ամբողջովին ավերված է ու չի երևում»:
«Հայկական պատմության մեջ կատարվեց աննախադեպ մի բան` ամբողջ հայկական կինոմշակույթը` «Հայֆիլմի» հետ, սեփականաշնորհվեց նույն անձի կողմից ու այժմ անորոշ վիճակում է: Ես ուզում եմ հարցնել` «Հայֆիլմ» կինոստուդիան այդ կամ այլ անվամբ որպես արտադրություն ե՞րբ պետք է գործի»,- այսօր խորհրդարանում ավանդական հարցուպատասխանի ժամանակ այս հարցով մշակույթի նախարարին դիմեց պատգամավոր Շահբազյանը:
Նախարար Հասմիկ Պողոսյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ այժմ կինոստուդիայի զարգացման համար ներդրումային ծրագրերի ընդհանուր վերլուծություն է կատարվում, որոնց տվյալների մասին կհաղորդվի որոշ ժամանակ անց:
Ինչ վերաբերում է կինոֆիլմերի թվայնացմանը, ապա նախարարի խոսքերով մեկ և կես տարվա ընթացքում, պայմանագրի ժամկետի ավարտի պահին, 450 ֆիլմերից թվայնացվել է ընդամենը 260-ը:
Թվայնացված ֆիլմերի որակի առումով, ըստ նախարարի, որոշակի դժգոհություններ եղել են: Ավելին` դրանք ուղարկվել են հետ` վերամշակման:
Նկատենք, որ միակ պետական «Հայֆիլմ» կինոստուդիան 2005-ին սեփականաշնորհել է Ջերարդ Գաֆեսճյանին պատկանող «CS Media City» հոլդինգը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան