Հայ-թուրքական քաղաքացիական նախաձեռնությունը կփորձի խթանել հայ-թուրքական հարաբերությունների հաջորդ փուլը
Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում միասնական նախաձեռնություններով հանդես գալու վերաբերյալ համագործակցության հուշագիր են ստորգրել հայաստանյան 4 հասարակական կազմակերպություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին կազմակերպությունների ղեկավարները` Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, «Մարդկային զարգացման միջազգային կետնրոն» հ/կ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:
Նրանց խոսքերով, իրենց հ/կ-ները մինչ հայ-թուրքական քաղաքական հարաբերությունների մեկնարկն, արդեն իսկ համագործակցում էին թուրքական հ/կ-ների հետ և մեծ փորձ ունեն այս ոլորտում:
«Երկար տարիների փորձից ելնելով մեզ համար ընկալելի է դարձել, որ մեր ուժերը պիտի միավորվեն: Փորձենք հայ-թուրքական հարաբերություններն իրենց այսօրվա իրավիճակից տանել դեպի նորմալացում »,-ասաց Թևան Պողոսյանը:
Նա նաև հավելեց, թե առաջին անգամ էր, որ հայ-թուրքական բանակցությունները իրականացվում էին բաց հասարակության հետ քննարկումների միջոցով:
Արսեն Ղազարյանն էլ, լրացնելով Թ. Պողոսյանին, նշեց, որ առաջին անգամ է, որ 4 հ/կ-ներ միավորվել են մեկ կոնսորցիումում` միասնական գործողություններ, ուսումնասիրություններ, աշխատանքներ տանելու մի ոլորտում, որը հասարակության համար համարում կարևոր է:
Ասուլիսի մյուս բանախոս Բորիս Նավասարդյանն էլ, չհամաձայնվեց ԶԼՄ-ներում տարածված կարծիքի հետ, թե հայ-թուրքական հարաբերությունները փակուղում են և շեշտեց, թե իրենց նախաձեռնությունն ուշացած չէ:
«Շատ բնութագրիչ է Թուրքիայում շրջանառվող կարծիքը, թե սա կառուցողական անորոշության փուլ էր»,-ասաց Բ. Նավասարդյանը:
Սա, ըստ Բ. Նավասարդյանի գործընթացի առաջին փուլի ավարտն էր և դա չի նշանակում, թե երկրորդ փուլ չի սպասվում: Գ. Տեր-Գաբրիելյանն էլ հավելեց, որ իրենց նախաձեռնությունը մեծ նշանակություն կարող է ունենալ, քանի որ իրենցից յուրաքանչյուրը թուրքական 50 կազմակերպություների հետ համագորկածկցային կապեր ունի: