«Հայաստանը կկարողանա Թուրքիա ապրանք արտահանել»
Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունը միակ հասարակական կազմակերպությունն է, որն անցյալ տարի սեպտեմբերին Ստամբուլում բացել է իր ներկայացուցչությունը: Panorama.am-ի այն հարցադրմանը, թե ինչ աշխատանքներ է տանում ներկայացուցչութույնը, միության նախագահ Արսեն Ղազարյանը պատասխանեց, որ այն 3 հիմնական խնդիր է լուծում:
«Մենք միշտ նշել ենք, որ ապրանքաշրջանառությունը Թուրքիայի հետ միակողմանի է, մենք ունենք միայն թուրքական ապրանքների և ծառայությունների ներկրում, որոնք զգալի ծավալների են հասնում և չունենք պաշտոնական ոչ մի արտահանման փորձ. Թուրքիայի կողմից էմբարգոն պահպանվել է առ այսօր և հայկական ծագում ունեցող ապրանք չենք կարող այդ շուկա մտցնել»,-մասնավորեցրեց Ա. Ղազարյանը:
Նա նշեց ներկայացուցչության առաջին խնդիրն է ուսունասիրել այսօրվա տնտեսության մեջ առկա, արտահանման պոտենցիալ ունեցող ապրանքները, որոնք կարող են այդ շուկայում մոտ ապագայում մրցունակ լինել:
«Հաջորդն այն հարցն է, թե մոտ ապագայում ինչպես իրականացնել արտահանում այն թուրքական կազմակերպությունների համար, որոնք մեր ապրանքների կարիքն ունեն. կիսաֆաբրիկատներ, հումք…Որովհետև ինչ որ տեղ նաև ռեժիմի թուլացում ենք նկատում. Թուրքիայի տարածքով տրանզիտ բեռների տեղափոխումը վերջին 3 տարում թույլտրվում է»,-ասաց Ա. Ղազարյանը:
Երրորդ հանգամանքը վերաբերում է նրան, որ թե' Թուրքիայում ներկայացնեն Հայաստանի տնտեսության ռեալ պատկերն ու պոտենցիալը, թե' Հայաստանում` Թուրքիայինը:
Նա նկատեց, որ սերտ համգործակցում են Թուրքիայի Արդյունաբերողների միության հետ, ինչպես նաև անցյալ տարի մասնակից են դարձել Սև և կասպից ծովերի երկրների Արդյունաբերողների կոնգրեսին, որի նստավայրը Ստամբուլում է: