Դարչինյանի ու Դոների ներկայացուցիչները չեն կարողանում կիսել իրավունքները
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և WBA-ի վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոների ռևանշ-մրցամարտը կարող է տեղի չունենալ, քանի որ բռնցքամարտիկների ներկայացուցիչներին չի հաջողվում պայմանավորվել հեռուստատեսային իրավունքները կիսելու հարցում: Այս մասին հայտնում է allboxing.ru-ն` հենվելով Boxingscene.com-ի տարածած տեղեկատվության վրա:
Վիկ Դարչինյանի ներկայացուցիչ Գերի Շոուն հայտարարել է, որ մերժել է «Top Rank»-ի առաջարկը` կապված ԱՄՆ-ի սահմաններից դուրս հեռարձակման իրավունքների բաժանման հետ և նոր առաջարկի է սպասում: Եթե մոտ ժամանակներս «Top Rank»-ն առավել շահավետ պայմաններ չառաջարկի, Շոուն կհրաժարվի Դոների ներկայացուցիչների հետ բանակցություններից և նոր մրցակից կփնտրի Դարչինյանի համար:
«Չեմ կարծում, որ «Top Rank»-ի առաջարկած հոնորարը բավարար է, քանի որ ցանկանում է տիրանալ Ֆիլիպիններում հեռարձակման իրավունքից ստացվող ողջ եկամտին: Նրանք հաստատում են, որ դա մեծ գումար չէ, բայց մենք կտեսնենք»,- հայտարարել է Շոուն:
Դոներին, ի դեպ, իրադարձությունների նման ընթացքը սկսել է զայրացնել: Բանն այն է, որ, սպասելով Դարչինյանի հետ մարտին, նա բաց է թողել այլ մրցակիցների հետ մենամարտելու հնարավորությունները:
«Top Rank»-ից ինձ ոչինչ չեն հայտնում: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում,- ասել է Դոները:- Գաղափար չունեմ` արդյոք այդ մենամարտը կկայանա՞: Արդեն 3-4 շաբաթ է` բանակցություններ են ընթանում, սակայն մինչև հիմա ոչ մի բան չի հաստատվել»: