Արա Ավետիսյան. «Հրաժարվել գոյություն ունեցող գրական հայերենից և անցնել դասական ուղղագրությանը, այնքան էլ ճիշտ չէ»
Այսօր ասուլիսում ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանն ասաց, որ հնարավոր չէ միանշանակ պատասխանել` արժե՞ անցնել դասական հայերեն ուղղագրությանը, թե՞ ոչ, քանի որ մինչ այդ գործընթացի կազմակերպումը կամ հարցի լիատակատար լուծումը պետք է հաշվի առնել և' ժամանակակից գրական հայերենի, և' արևմտահայերենի բոլոր առավելությունները և թերությունները:
Ըստ նրա, այսօր հրաժարվել գոյություն ունեցող գրական հայերենից և անցնել դասական ուղղագրությանը, այնքան էլ ճիշտ չէ: Նա նշեց,որ մասնագետների կողմից անհրաժեշտ հիմնավորումներից հետո միայն կարելի է հստակ կարծիք հայտնել: «Ցանկացած լեզու իր պատմության ընթացքում անցնում է զարգացման տարբեր փուլեր, և այժմյան գրական արևելահայերենը նման զարգացումների արդյունք է, ունի զարգացման ավելի բարձր մակարդակ»,- հավելեց նա:
Հյուսիսային համալսարանի ռեկտոր, հավատարմագրված ոչ պետական բուհերի միավորման ղեկավար Բորիս Մակիչյանը նշեց, որ ինքը համամիտ է, որ հարցի քննարկումը լեզվաբանների խնդրո առարկան է: Նա նշեց, որ առհասարակ դեմ է, որ ուղղագրությունը հիմնովին փոփոխության ենթարկվի: Ըստ նրա, եթե նույնիսկ դրա անհրաժեշտությունը կա, պետք է լսել մասնագետների հստակ հիմնավորումները: