Դիմորդների թիվը 2012թ-ին սովորականից ավելի կլինի 1,5 անգամ
Հանրապետությունում դիմորդների թիվը 2012թ-ին սովորականից ավելի կլինի մոտ 1,5 անգամ: Այս մասին այսօր լրագրողների հոտ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը: Նրա խոսքով, դա էլ հնարավորություն կտա լրացնել այն բաց տեղերը, որոնք բուհերում կառաջանան 2011-ին` հանրակրթական հաստատություններում շրջանավարտներ չունենալու պատճառով:
Ա. Ավետիսյանը նշեց, որ քանի որ 2011-ին հանրակրթական հաստատությունները շրջանավարտներ չեն ունենալու, դրա համար ԿԳ նախարարությունը նախապաստրաստվում է իրականացնել համապատասխան միջոցառումներ:
Նրա խոսքով, նույն ուսումնական տարում պետական բուհերի անվճար համակարգում սովորելու համար ընդունելությունը կրկին մրցութային համակարգով կլինի` չնայած հնարավոր է անվճար տեղերի քանակի կրճատում:
Նա հայտնեց, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները, այնուամենայնիվ, պետական բյուջեից նախորդ տարվա նման կստանան հասանելիք ամբողջ գումարը` պետական պատվերի տեղերում սովորող ուսանողների չափով:
«Մեկ ուսանողի համար տրվող 300-հազար դրամի փոխարեն բուհը կֆինանսավորվի տարեկան արդեն 600 հազար դրամի չափով, որից հավելյալ մասը տվյալ հաստատությունը կօգտագործի իր նյութատեխնիկական բազան համալրելու, զանազան հարցեր լուծելու համար»,- հավելեց նա:
Նա նշեց, որ 2011-թվականին բուհերի ֆինանսական գոտում խնդիրները կապված կլինեն հիմնականում վճարովի համակարգի ընդունելության հետ, քանի որ անհրաժեշտ քանակությամբ դիմորդներ չեն լինի` տեղերը լրացնելու համար:
«Ուսանողների թվի կտրուկ կրճատումներից խուսափելու համար ՀՀ ԿԳ նախարարությունը նախորդ երկու տարիներին պետական բուհերին հնարավորություն է տվել ավելի շատ դիմորդներ ընդունել` այդ նպատակով ավելացնելով վճարովի համակարգի առանց տարկետման իրավունքի տեղերի թիվը»,- ասաց նա:
Նա նաև հավելեց, որ բուհերի դասախոսների թվի կրճատումներից խուսափելու համար կիրականացվեն մի շարք միջոցառումներ: