Բացվեց «Միասին խթանենք կրթության որակը, հասանելիությունը և մատչելիությունը» խորագրով ցուցահանդեսը
Խնկո-Ապոր անվան գրադարանում այսօր բացվեց «Միասին խթանենք կրթության որակը, հասանելիությունը և մատչելիությունը» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացանք ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր ներառական կրթություն իրականացնող դպրոցների մանկավարժներին հնարավորություն ընձեռել ցուցադրելու իրենց մանկավարժական գործունեության ընթացքում օգտագործվող այն նյութերը, որոնք հնարավոր են դարձնում գրեթե յուրաքանչյուր երեխայի համար կրթության որակի ապահովում, կրթության հասանելիություն և մատչելիություն:
Նշենք, որ ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը` Բաց հասարակության ինստիտուտի Բուդապեշտի գրասենյակի աջակցությամբ, կգործի մինչև մայիսի 1-ը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, նշեց, որ նմանատիպ միջոցառումներն անչափ կարևոր են ուսուցիչների ստեղծագործական աշխատանքի դրսևորման տեսանկյունից: «Այսօր պետության գերակա խնդիրը կրթության որակի բարձրացումն է, իսկ դա հնարավոր է իրականացնել միայն համատեղ ջանքերով` այդ թվում նաև, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ»,-նշեց Ն. Հովհաննիսյանը` հավելելով, որ ցուցադրված նմուշների մի մասը, գուցե արժանանալով պետական աջակցության, հնարավոր է հրատարակվեն և տրամադրվեն դպրոցներին:
Ցուցահանդեսին ներկա ավելի քան 50 կազմակերպություն ներկայացնում էին կրթական նյութեր, բուկլետներ, տեսանյութեր, մասնագետների կողմից մշակված և կազմված կրթական ծրագրեր, երեխաների ունակություններն ու հմտությունները զարգացնող խաղեր, դիդակտիկ նյութեր և այլն: